Ազգային ժողովի 8-րդ գումարման անդրանիկ նիստում երկրորդ ընթերցմամբ ընդունվեց «ՀՀ տոների և հիշատակի օրերի մասին «Հայաստանի Հանրապետության օրենքում լրացում կատարելու մասին» նախագիծը, որով առաջարկվում էր հունվարի 27-ը սահմանել որպես հայրենիքի պաշտպանության համար զոհվածների հիշատակի օր և ոչ աշխատանքային օր։
ԱԺ փոխնախագահ Ռուբեն Ռուբինյանի խոսքով՝ երկրորդ ընթերցմամբ միայն մեկ բան է փոխվել․ «օրենքը ուժի մեջ կմտնի ոչ թե պաշտոնական հրապարակման օրվան հաջորդող 10-րդ օրը, այլ անմիջապես»։
Փոխնախագահը հիշեցրեց, որ նախագիծը հիմնված է հայրենիքի պաշտպանության համար զոհվածների հիշատակը հավերժացնելու մասին 2000 թվականի օրենքի վրա, որը սահմանում է, որ հայրենիքի պաշտպանության համար զոհվածների հիշատակի հավերժացման հիմնական ձևերից մեկը հիշարժան օրերի և համապետական հիշատակի օրվա ընդունումն է։ Նրա խոսքով՝ նման համապետական հիշատակի օր մենք մինչ այս պահը չենք ունեցել, բայց կարծում ենք, որ հաշվի առնելով, որ անհրաժեշտ է նման օր ունենալ, որպեսզի հիշատակենք բոլոր ժամանակներում հայրենիքի պաշտպանության համար զոհվածներին, հաշվի առնելով նաև վերջին տարիների իրադարձությունները, այն զոհերը, որ մենք ունեցել ենք, հաշվի առնելով նաև հաստատված խաղաղությունը և այն փաստը, որ զոհերին հիշատակելու լավագույն ձևը խաղաղ և բարեկեցիկ ապրելն է։




