Հունիսի 7-ին Փաշինյանը պետք է հեռանա․ Հայաստանի ղեկավարի գործը, իր իսկ պատճառով ստեղծված իրավիճակում և իրենից անկախ բարդ տարածաշրջանում, նրա հագով չէ և երբեք էլ չի եղել․ Վարդան Օսկանյան

Եթե դեռ որևէ կասկած ունեք, որ այս բարդ տարածաշրջանում արդեն իսկ ամենաանշահեկան վիճակին հասցրած Հայաստանի ղեկավարումը Փաշինյանին երրորդ անգամ վստահելը կարող է լրջորեն վտանգել Հայաստանի գոյությունը, պարզապես փորձեք կարդալ տարածաշրջանային զարգացումների մասին վերլուծությունները։ Առանց դրա էլ, իհարկե, տասնյակ անհերքելի և հիմնավորված պատճառներ կան, որպեսզի պարզ լինի, որ Փաշինյանը պետք է հեռանա հունիսի 7-ին։ Այս մասին գրել է ՀՀ ԱԳ նախկին նախարար Վարդան Օսկանյանը։

«Սկսած՝ Ադրբեջանի հետ բանակցությունները տապալելուց և պատերազմ հրահրելուց, այն աղետալիորեն տանուլ տալուց, մինչև Լեռնային Ղարաբաղի ամբողջական դատարկումն ու կորուստը։ Սրան գումարեք Հայաստանի տարածքային ամբողջականության շարունակական խաթարումը, քանի որ Ադրբեջանը դեռ օկուպացնում է և գուցե դեռ օկուպացնելու է երկրի տարբեր հատվածներ, ինչպես նաև Սահմանադրության խաթարումը, դատական համակարգի դելեգիտիմացումը և քաղաքացիական իրավունքների ու խոսքի ազատության հետևողական սահմանափակումը։

Փաշինյանի «ձեռքբերումներից են» հասարակության խոր պառակտումը, պետական համակարգը զավեշտի վերածելը, բյուջեի չարաշահումը, Հայ Առաքելական Եկեղեցու նկատմամբ ճնշումները, սփյուռքի աճող օտարացումը և այս ամենի ֆոնին՝ Հայաստանի հեղինակության անկումը։ Ցանկը կարելի է երկար շարունակել։

Բայց հատկապես այսօր, երբ պատերազմ է ծավալվում Իրանում՝ Հայաստանի անմիջական հարևանությամբ, և այժմ արդեն ողջ Միջին Արևելքում, ևս մեկ ծանրակշիռ պատճառ է ավելանում, որպեսզի Փաշինյանը հեռանա։

Ինչպիսին էլ լինի այս պատերազմի ելքը, մինչև հունիսի 8-ը տարածաշրջանը այլևս նույնը չի լինելու։ Նույնը չի լինելու նաև ներգրավված խաղացողների վերաբերմունքն ու ակնկալիքները այս տարածաշրջանի երկրների նկատմամբ։ Մեզ շատ բարդ ժամանակներ են սպասում։ Իսկ Փաշինյանը հստակ ցույց է տվել, որ նա այն մարդը չէ, ով կարող է առաջնորդել Հայաստանը նույնիսկ շատ ավելի կայուն ու հանգիստ ժամանակներում, ինչպիսին 2018-2020 թվականներն էին։

Անցած ութ տարիների ընթացքում նա ցույց է տվել խոր անտեղյակություն և անունակություն՝ գրեթե բոլոր ոլորտներում։ Մենք սխալ գործեցինք 2018-ին՝ վստահելով երկրի ղեկավարությունը նրան։ Երկրորդ սխալը գործեցինք՝ նրան վերարտադրելով 2021-ին։ Երրորդ սխալը թույլ տալու իրավունք չունենք։

Հունիսի 7-ին Փաշինյանը պետք է հեռանա։ Հայաստանի ղեկավարի գործը, իր իսկ պատճառով ստեղծված իրավիճակում և իրենից անկախ բարդ տարածաշրջանում, նրա հագով չէ։ Ինչպես ցույց տվեց փորձը՝ երբեք էլ չի եղել»,-գրել է նա։

Փափուկ կահույքի քիմմաքրում, Химчистка мягкой мебели

Կատարում ենք բազմոցների, բազկաթոռների, աթոռների, ներքնակների քիմմաքրման աշխատանքներ:
Օգտագործում ենք բացառապես գերմանական բարձրորակ, անվտանգ, հակաալերգիկ և արդյունավետ միջոցներ՝ հիանալի արդյունքի համար։