Հռոմի պապը ընդունել է Պաղեստինի նախագահին

Հռոմի պապ Լևոն XIV-ը հինգշաբթի օրը իր առաջին հանդիպումն է ունեցել Պաղեստինի նախագահ Մահմուդ Աբբասի հետ, որտեղ, ըստ Վատիկանի, նրանք քննարկել են Գազայի խաղաղ բնակիչներին օգնություն տրամադրելու «անհետաձգելի անհրաժեշտությունը», հաղորդում է AFP-ն։

Այցը տեղի է ունեցել ՀԱՄԱՍ-ի և Իսրայելի միջև երկամյա պատերազմից հետո կնքված փխրուն հրադադարից գրեթե մեկ ամիս անց։

«Սրտանց մթնոլորտում անցած բանակցությունների ընթացքում ընդունվել է, որ կա Գազայի քաղաքացիական բնակչությանը օգնություն ցուցաբերելու և հակամարտությունը դադարեցնելու՝ երկու պետությունների համակեցության վրա հիմնված լուծման հասնելու անհետաձգելի անհրաժեշտություն», — ասված է Վատիկանի հայտարարության մեջ։

Հանդիպումը տեղի է ունեցել 2015 թվականին ստորագրված համաձայնագրի հիման վրա Սուրբ Աթոռի կողմից Պաղեստինի պետության պաշտոնական ճանաչումից 10 տարի անց։ Աբբասը մի քանի անգամ հանդիպել է Լևոնի նախորդի՝ ապրիլին մահացած Հռոմի պապ Ֆրանցիսկոսի հետ։

Իր կառավարման վերջին ամիսներին Ֆրանցիսկոս Առաջինն արդեն խստացնում էր իր հռետորաբանությունը Իսրայելի կողմից Գազայի վրա հարձակման դեմ, սակայն նրա իրավահաջորդը մինչ օրս ավելի զուսպ է այդ հարցում։ Լևոնն իր համերաշխությունն է արտահայտել Գազայի հարցում և դատապարտել պաղեստինցիների բռնի տեղահանումը, սակայն հայտարարել է, որ Սուրբ Աթոռը չի կարող տեղի ունեցածը «ցեղասպանություն» որակել։ Չորեքշաբթի կեսօրին Աբբասը ծաղիկներ է դրել Ֆրանցիսկոսի գերեզմանին՝ Հռոմի Սանտա Մարիա Մաջորե բազիլիկայում։

«Ես չեմ կարող մոռանալ, թե ինչ է նա արել Պաղեստինի և պաղեստինցի ժողովրդի համար», — լրագրողներին ասել է Աբբասը։

2014 թվականին Իսրայելի այն ժամանակվա նախագահ Շիմոն Պերեսը և Աբբասը Հռոմի Պապ Ֆրանցիսկոսի հետ միացել են Վատիկանում տեղի ունեցած խաղաղության աղոթքին՝ միասին ձիթենի տնկելով։ Ուրբաթ օրը Աբբասը կհանդիպի Իտալիայի վարչապետ Ջորջիա Մելոնիի հետ։

Աբբասը երկար ժամանակ գլխավորել է Պաղեստինյան ինքնավարությունը, որը սահմանափակ վերահսկողություն է իրականացնում Հորդանան գետի Արևմտյան ափի որոշ հատվածների նկատմամբ։

Նրա գլխավորած «ՖԱԹՀ» շարժումը ՀԱՄԱՍ-ի մրցակիցն է, որը 2007 թվականին վերահսկողություն էր սահմանել Գազայի նկատմամբ։ Աբբասը և Լևոնը հեռախոսով խոսել էին հուլիսին, սակայն հինգշաբթի օրը նրանց առաջին անձնական հանդիպումն է տեղի ունեցել այն բանից հետո, երբ մայիսին ամերիկացին գլխավորել է աշխարհով մեկ սփռված 1,4 միլիարդ կաթոլիկներին։

Փափուկ կահույքի քիմմաքրում, Химчистка мягкой мебели

Կատարում ենք բազմոցների, բազկաթոռների, աթոռների, ներքնակների քիմմաքրման աշխատանքներ:

Օգտագործում ենք բացառապես գերմանական բարձրորակ, անվտանգ, հակաալերգիկ և արդյունավետ միջոցներ՝ հիանալի արդյունքի համար։