«Հրապարակ» թեթրը գրում է․
«Մաքուր երկաթ» գործարանի տնօրեն Կարեն Հակոբյանը եւ ԶՊՄԿ-ի գլխավոր տնօրենի նախկին տեղակալ Նարեկ Ամբարյանը նախորդ տարվա սեպտեմբերին կալանավորվել էին։ Հիշեցնենք, որ այդ ժամանակ Քննչական կոմիտեի տնտեսական հանցագործությունների եւ մաքսանենգությունների քննության գլխավոր վարչությունում քննվող վարույթի շրջանակներում «Մաքուր երկաթ» գործարանի տնօրեն Կարեն Հակոբյանը, որը «Վերածնվող Հայաստան» կուսակցության նախագահ Վահե Հակոբյանի եղբայրն է, ձերբակալվել էր։ Նա մեղադրվում էր փողերի լվացման մեջ, սակայն գործին առնչվող անձինք պնդում էին, որ մեղադրանքի հիմքում որեւէ ապացույց առկա չէ, եւ այն հիմնված է բացառապես ենթադրությունների վրա։ Գործն այժմ հասել է Հակակոռուպցիոն դատարան, դատավոր Վահե Դոլմազյանի վարույթում է, բայց քննվում է դռնփակ կարգով։ Նարեկ Ամբարյանի պաշտպան Հայկ Մովսիսյանին մի քանի հարց ուղղեցինք։
— Կարեն Հակոբյանը եւ Նարեկ Ամբարյանը կալանավորվեցին նախորդ տարվա սեպտեմբերին։ Ձեր պաշտպանյալ Ամբարյանի նկատմամբ այժմ ի՞նչ խափանման միջոց է ընտրված։
— Իմ պաշտպանյալ Նարեկ Ամբարյանի նկատմամբ 2025 թվականի մարտի 11-ից ՀՀ հակակոռուպցիոն դատարանի որոշմամբ կիրառված է անազատության հետ չկապված այլընտրանքային խափանման միջոցների համակցություն:
— Քրեական գործն այժմ դատաքննության մեջ է, ի՞նչ փուլի եք հասել։ Դատախազությունն ի՞նչ միջնորդություններով է հանդես եկել։
— Քրեական գործը գտնվում է նախնական դատալսումների փուլում:
— Գործով քանի՞ մեղադրյալ կա, բոլորն ազատության մե՞ջ են։
— Հարցը վերաբերելի չէ իմ վստահորդին:
— Կարեն Հակոբյանը հետախուզման մեջ է, նրա վերաբերյալ քննություն ե՞ւս ընթանում է։ Հակոբյանին եւ Ամբարյանին մեղադրանք է առաջադրվել կոռուպցիոն բնույթի գործի շրջանակում, խնդրում եմ՝ ներկայացրեք մեղադրանքը, դրա հիմնավորվածությունը, նաեւ՝ մեղադրանքն ընդունե՞լ են մեղադրյալները։
— Կարեն Հակոբյանի պաշտպանությունը չի իրականացվում իմ կողմից, ուստի նրան առնչվող հարցերին պատասխան տալը դուրս է իմ իրավասությունից: Ներկայացված մեղադրանքում Նարեկ Ամբարյանն իրեն մեղավոր չի ճանաչում: Նրա նկատմամբ իրականացվող քրեական հետապնդումն անհիմն է ու ապօրինի: Մեղադրանքը, ըստ էության, քրեական հետապնդման մարմինների կողմից անօրինական միջամտություն է մասնավոր ընկերության եւ նրա բաժնետերերի մասնավոր գործերին եւ օրինական քաղաքացիաիրավական գործարքներին քրեաիրավական տեսք հաղորդելու փորձ: Այդ օրինական գործարքների կնքման հետ Ն. Ամբարյանը որեւէ առնչություն չունի: Ն. Ամբարյանի պաշտպանական թիմն օգտագործելու է օրինական ամբողջ գործիքակազմը՝ նրա նկատմամբ իրականացվող քրեական հետապնդման ապօրինի լինելը, նրա անմեղությունը եւ առաջադրված մեղադրանքի սնանկությունը դատարանում հիմնավորելու համար:
— Ինչպե՞ս են խաչվում Ձեր պաշտպանյալի եւ մյուս մեղադրյալների մեղադրանքները, ի՞նչ առնչություն ունեն նրանք միմյանց հետ։
— Նկատի ունենալով, որ Նարեկ Ամբարյանին ներկայացված մեղադրանքն անհիմն է, դրանում որեւէ հանցագործության դեպք նկարագրված չէ, ուստի, որեւէ այլ մեղադրանքի հետ նրա մեղադրանքը չի խաչվում:
— Նարեկ Ամբարյանի դեմ ցուցմունք տված անձինք կա՞ն։
— Քրեական գործով Նարեկ Ամբարյանի դեմ ցուցմունք տված որեւէ անձ առկա չէ:
— Նարեկ Ամբարյանն այժմ աշխատո՞ւմ է, եթե այո` որտե՞ղ։
— Նարեկ Ամբարյանն այժմ աշխատում է մասնավոր ընկերությունում՝ որպես գլխավոր տնօրենի խորհրդական:




