«Հրապարակ». Վանաձորի ավտոբուսներն օգոստոսից կանգնած են` չեն շահագործվում

«Հրապարակ» թերթը գրում է. ԵՄ ֆինանսավորմամբ «Դաշինք՝ հանուն կայուն եւ կանաչ կառավարման» ծրագրի շրջանակում 5-ական էլեկտրական ավտոբուս է տրամադրվել Գյումրի եւ Վանաձոր քաղաքներին: Ընդհանուր ծրագրի արժեքը երկու քաղաքների համար կազմել է 1 միլիոն 700 հազար եվրո՝ 10 ավտոբուս, գումարած լիցքավորման 6 կայանները, վարորդների ուսուցումը ու մեկ տարվա երաշխիքային սպասարկումը: Միջին հաշվարկով, 1 ավտոբուսի արժեքը 140 հազար եվրո է:
2024 թվականի օգոստոսի 2-ին Վանաձոր համայնքի ղեկավարի պաշտոնակատար Արկադի Փելեշյանն անձամբ է դիմավորել, անգամ առաջինն է փորձարկել ավտոբուսի աշխատանքը: Նույն ժամանակ Փելեշյանը հայտարարել է, որ նախատեսվում է 2025 թվականին սուբվենցիոն ծրագրով ձեռք բերել եւս 45 ավտոբուս, եւ Վանաձորում ներհամայնքային տրանսպորտի հարցը կլուծվի։

Բայց եթե այդ ամենը լիներ, այսօր վանաձորցին չէր երթեւեկի հնամաշ գազելներով, որոնք վտանգ են ներկայացնում մարդու կյանքի համար: Վանաձորցիները մեզ պատմեցին, որ էլեկտրական ավտոբուսներն արդեն 6 ամիս է՝ բերել են, բայց չեն շահագործում։ «Բնակչությանը սպասարկող գազելներն արդեն իրենց տարիքն առել են, ուղղակի յոլա տանելու ձեւ են: Աշխատում են ծանրաբեռնված: Հայաստանի երրորդ քաղաքում ոչ մի առաջընթաց չի նկատվում, կարծես կյանքը կանգ է առել: Ուրախացանք, որ Վանաձորին 5 հատ ավտոբուս տվեցին, մտածեցինք՝ աստիճանաբար քաղաքային տրանսպորտի վիճակը կլավանա: Հիմա չգիտենք, թե այդ ավտոբուսներն ուր են, երբ կաշխատեն կամ՝ ընդհանրապես կաշխատե՞ն, թե՞ ոչ: Ավտոբուսները 2 անգամ են Վանաձորի հրապարակ բերվել, մեկը՝ բերելուց, մեկն էլ՝ ԵՄ դեսպանների գալուց, դրանից հետո ավտոբուսների հետքն անգամ չերեւաց»,- ասաց վանաձորցի զրուցակիցս:
Ինչո՞ւ չեն գործում 5 էլեկտրական ավտոբուսները, որտե՞ղ են դրանք կայանված․ հարցն ուղղեցինք Վանաձորի համայնքապետարանի աշխատակազմի առեւտրի սպասարկման եւ տրանսպորտի բաժնի պետի ժամանակավոր պաշտոնակատար Արման Մովսիսյանին։ «Ավտոբուսները ներկա պահին մեր ենթակայության տակ գտնվող տարածքում կայանված են, լիցքավորման կայանների հետ կապված՝ էլեկտրական ցանցերի հետ թղթաբանությունը դեռ պատրաստ չէ»: Վանաձորցիները մեզ պատմեցին, որ քաղաքում գործում է 2 էլեկտրական կայան, ինչո՞ւ ավտոբուսները չեն լիցքավորվում այդ կայաններից։ «Այդ կայանները չեն համապատասխանում մեր ավտոբուսներին, ավտոբուսները լիցքավորվում են վերեւի հատվածում»:

Քաղաքային տրանսպորտը սպասարկող ընկերությունների հետ պարբերաբար սպասարկման պայմանագիր եք կնքում՝ խախտելով օրենքը, մինչեւ ե՞րբ եք պատրաստվում պայմանագիր կնքելով պահել գազելները։ «2023 թվականին բոլոր սպասարկող կազմակերպությունների հետ պայմանագրերի ժամկետները լրացել են, քանի որ մենք նոր սուբվենցիոն ծրագիր ենք ներկայացրել` նոր միկրոավտոբուսներ ձեռք բերելու համար, նոր մրցույթ չենք հայտարարել: Մեր բոլոր սպասարկող ընկերությունների հետ ամեն 3 ամիսը մեկ պայմանագիրն ավելացնում եք, որպեսզի մեր սուբվենցիոն ծրագիրը հաստատվի, ու մենք արդեն իմանանք, թե ինչ ենք անելու: Օրենքի խախտում չկա, որքան որ անհրաժեշտ է, այնքան պայմանագիրը կարող ենք երկարացնել»:

Փաստորեն, Վանաձորում քաղաքային տրանսպորտի բարեփոխում առաջիկա տարիներին չի լինի՝ հաշվի առնելով, որ քաղաքի ժամանակավոր իշխանությունները տարին փակեցին առանց բյուջեի, սուբվենցիոն ծրագրերի ու գլխավոր հատակագծի եւ այլ ծրագրերի հաստատման, քանի որ Վանաձորի ավագանին չի գործում: Առհասարակ` 2021-ից ի վեր Վանաձորը պարալիզված է, որովհետեւ ՔՊ-ն որոշեց տեղական իշխանությունը խլել ընտրված ուժերից եւ իր նշանակած անձի միջոցով` առանց ավագանու քաղաքը կառավարել: