«Հրապարակ» թերթը գրում է. «ՀՀ կառավարության մեր աղբյուրներից ստացված տեղեկատվությամբ, որոշ ժամանակ առաջ Թուրքիայի ներկայացուցիչ Սերդար Քըլըչը` ԱՄՆ-ի ճնշումների ներքո, Նիկոլ Փաշինյանին է փոխանցել իրենց նոր առաջարկները: Այն է` 2026 թվականի հունվարի 1-ից Հայաստանի և Թուրքիայի միջև սահմանը բաց կլինի դիվանագիտական անձնագիր ունեցողների, ինչպես նաև երրորդ երկրների քաղաքացիների համար, բայց Թուրքիան պատրաստ չէ բեռների համար բացել սահմանները։
Մի միջանկյալ կեսքայլ են որոշել անել` Վրաստանի տարածքով Թուրքիայից Հայաստան եկող բեռների ուղեկցող փաստաթղթերում վերջնական նպատակակետն այսուհետ նշվելու է Հայաստանը, այլ ոչ թե Վրաստանը, ինչպես նախկինում էր։
Փոխանցվել է նաեւ, որ Թուրքիան երկկողմ դիվանագիտական հարաբերությունների հաստատման մասին արձանագրություն է մշակել, սակայն Անկարան պահանջում է, որպեսզի այդ փաստաթղթի ստորագրմանը Թուրքիա մեկնի անձամբ Փաշինյանը։




