«Հրապարակ» թերթը գրում է․ Վաշինգտոնյան եռակողմ համաձայնությունից հետո թեպետ սպասվում էր, որ Ռուսաստանից կոշտ արձագանք է լինելու, ավելին՝ ՌԴ-ն չի ներելու Փաշինյանին իրեն «քցելու», նոյեմբերի 9-ի պայմանավորվածություններից «թռնելու» համար, եւ պրոցեսներ են գեներացվելու Փաշինյանի դեմ, սակայն ռուսական իշխանություններին մոտ կանգնած մեր աղբյուրները վստահեցնում են, որ նրանք խորապես անտարբեր են, թե ինչ է կատարվում Հայաստանում եւ Հայաստանի հետ:
Ռուսական տարբեր կաբինետներից հայկական տարբեր շրջանակների փոխանցել են, որ իրենք չեն պատրաստվում ինչ-որ քայլեր անել, եթե կատարվածը հայ ժողովրդի համար «օքեյ է»։
Անգամ Իրանից են փորձել հստակեցնել ՌԴ-ի դիրքորոշումն ու անելիքները, որ, դրանցով պայմանավորված, իրենք էլ քայլեր ձեռնարկեն, սակայն նույն պատասխանն են ստացել։
Մեր աղբյուրներն ասում են, որ այս վերաբերմունքի գլխավոր պատճառն այն է, որ ՌԴ-ում սպասում են, թե ուկրաինական ճակատում ինչ հանգուցալուծում կունենան:
Եվ ամենակարեւորը` վստահ են, որ վաշինգտոնյան համաձայնագիրն այնքան խութեր ունի, որ դրա իրագործումն ուղղակի անիրատեսական է: Բայց նաեւ ներքին խողովակներով ՀՀ իշխանություններին հասկացրել են եւ պաշտոնական հաղորդագրություններում էլ են շեշտում, որ տարածաշրջանային ճանապարհների ապաշրջափակման հարցում կողմ են իրենց մասնակցությամբ բանակցած եռակողմ պայմանավորվածությունների կյանքի կոչմանը։
ՌԴ-ում որոշել են ուշի-ուշով հետեւել եւ հասկանալ, թե մինչեւ ուր կհասնեն ՀՀ իշխանությունները՝ ինչպես կարող էին չորս տարի շարունակ իրենց հետ բանակցել, 30 տարի գործընկեր լինել, հետո թռչել ԱՄՆ-ի գիրկը: Երբ կհասկանան, ըստ այդմ էլ իրենց անելիքները կպլանավորեն։