Վաղը՝ հունվարի 30-ին, Ազգային ժողովի նիստերի դահլիճում աշխատանքային փակ քննարկում է նշանակված` անհետ կորածների հարազատների եւ ծնողների մասնակցությամբ։ Թեպետ նրանք պահանջում էին լսումներ անցկացնել, սակայն իշխանության ներկայացուցիչների հետ նախնական քննարկման ժամանակ ասվել է, որ հնարավոր է գաղտնի տվյալներ հրապարակվեն, ուստի լսումների ֆորմատը նպատակահարմար չէ, եւ որոշվել է փակ քննարկում անել։
Դեռեւս անցած տարվա հունիսի 10-ին անհետ կորածներից մի քանիսի ծնողներն ու հարազատները հյուրընկալվել էին Ազգային ժողովում, փակ հանդիպում ունեցել ԱԺ պաշտպանության մշտական հանձնաժողովի նախագահ Անդրանիկ Քոչարյանի հետ եւ ասել, որ սպասում են հստակ պատասխանների, թե ինչ է արվում պատկան մարմինների կողմից անհետ կորած համարվող անձանց ճակատագիրը պարզելու ուղղությամբ, եւ սպառնացել էին` հակառակ պարագայում անցնելու են կտրուկ գործողությունների:
Հիշեցնենք․ տարեվերջին էլ նրանք փակել էին Բաղրամյան փողոցը եւ հանդիպում էին պահանջում Անդրանիկ Քոչարյանի հետ: Սակայն ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանը շտապեց հանդիպել՝ խոստանալով լսումներ անցկացնել, պատասխանել բոլոր հնարավոր հարցերին։ Պատերազմից շուրջ հինգ տարի անց` 2025-ին, դեռ 195 մարդ, այդ թվում՝ երկու տասնյակ խաղաղ բնակիչներ, անհետ կորած են համարվում: Բայց նրանց հարազատները հույսը չեն կորցրել, որ իրենց մերձավորները կգտնվեն, կամ գոնե տեղեկություն կստանան նրանց վախճանի մասին, իսկ մեղավորները կպատժվեն:
Տեղեկացանք, որ լսումների ֆորմատով անցկացվելիք աշխատանքային քննարկմանը ներկա են գտնվելու գերիների եւ անհետ կորածների հանձնաժողովի անդամները, որոնք ներկայացված են պետական գրեթե բոլոր գերատեսչություններից։ Հանձնաժողովը ստեղծվել է 2022 թվականի հոկտեմբերի 20-ին՝ Փաշինյանի հրամանով, գործում է ԱԱԾ-ի ենթակայության ներքո, հանձնաժողովի ղեկավարն էլ ԱԱԾ տնօրեն Արմեն Աբազյանն է։ Սակայն հանձնաժողովը կազմավորումից ի վեր ընդամենը երեք կամ չորս նիստ է հրավիրել եւ ոչ մի հաջողություն չի արձանագրել։
Վաղվա փակ քննարկման հիմնական զեկուցող էլ նշանակված է ԱԱԾ տնօրեն Արմեն Աբազյանը։ Քննարկմանը հրավիրված են 80-ից ավելի ծնողներ եւ անհետ կորածների հարազատներ, որոնց՝ գաղտնի տեղեկատվության հասանելիության հարցերը նախապես լուծվել են, այսինքն՝ նրանք կարողանալու են գաղտնի փաստաթղթերի հետ ծանոթանալ։ Թեեւ պարզ չէ, թե դրանք ինչ փաստաթղթեր են, եւ ինչ ունեն լայն հանրությունից թաքցնելու:
Սակայն ուշագրավ է, որ քննարկումը վարելու է ոչ թե Անդրանիկ Քոչարյանը, ինչպես նախատեսվել էր նախապես, այլ հենց Ալեն Սիմոնյանը, որը խորհրդարանում տեղի ունեցած վերջին լսումների վերաբերյալ անգամ հրապարակավ հայտնեց իր դժգոհությունը՝ ասելով, որ նիստն արարողակարգին համապատասխան չի ընթացել: Խոսքն Արգիշտի Քյարամյանի, գլխավոր դատախազի եւ ուժային այլ կառույցների ղեկավարների մասնակցությամբ հայտնի լսումների մասին է, որի ժամանակ, նիստը վարող Անդրանիկ Քոչարյանը գլխավոր դատախազին նստեցրել էր իր կողքը՝ նախագահությունում, ինչը հարուցել էր որոշ պատգամավորների եւ Ալեն Սիմոնյանի զայրույթը, որն այդ օրերին բացակայում էր Հայաստանից։ Ալեն Սիմոնյանը, փաստորեն, որոշել է անձամբ վարել նիստը եւ այս քայլով փորձում է հերթական անգամ նսեմացնել Անդրանիկ Քոչարյանին, ցույց տալ, որ խորհրդարանում ինքն է ասողը եւ թույլ չի տա որեւէ մեկին՝ իր քթի տակ թեւեր եւ թիմեր ձեւավորել։
Ի դեպ, իշխանական որոշ աղբյուրներ չեն բացառում, որ քննարկման ժամանակ ծնողների դժգոհության սլաքները կարող են հատուկ ուղղվել հենց Անդրանիկ Քոչարյանի կողմը, որի ղեկավարած քննիչ հանձնաժողովը պետք է ուսումնասիրությունների արդյունքում պարզեր, թե որտեղ են թերացել քաղաքական եւ ռազմական ղեկավարները, որ ունենք անհետ կորածներ, եւ նրանց հետ կապված չկա որեւէ տեղաշարժ։ Ի դեպ, Քոչարյանի թիմակիցները հայտնի լսումներից հետո բավականին պասիվացել են, ԱԺ նիստերի ժամանակ նրանք անգամ ելույթներ չեն ունենում, հարցեր չեն տալիս կառավարությանը, այն դեպքում, երբ Լուսինե Բադալյանը` մինչ Նարեկ Զեյնալյանի մանդատազրկումը, կառավարության հետ բոլոր հարցուպատասխանների ժամանակ իր սուրբ պարտքն էր համարում «մեծարգո պարոն Փաշինյանին» հարց տալ եւ իր սերն ու հավատարմությունն արտահայտել։
Նիստը փակ է լինելու նաեւ լուսաբանման համար, մենք տեղեկացանք, որ լրագրողների համար նախատեսված ԱԺ օթյակները փակվելու են։ Բայց մի տեղ, որտեղ 80 հարազատ է ներկա լինելու, գումարած` ԱԺ պատգամավորները, չի կարող արտահոսք չլինել, եւ տեղեկատվությունը հանրային հարթակներում չհայտնվել: