«Հրապարակ» թերթը գրում է. «Երբ Արթուր Նահապետյանն այս տարվա մարտին նշանակվեց Հակակոռուպցիոն կոմիտեի նախագահ, լուրեր տարածվեցին, որ այդ պաշտոնի համար հայտարարված մրցույթին մասնակցած թեկնածուներից մեկը` ՀԿԿ քննիչ Արտաշես Մաիլյանը պատրաստվում է ազատվել աշխատանքից, քանի որ նոր նախագահի հետ չի ցանկանում աշխատել։ Կոմիտեից այդ ժամանակ հերքեցին լուրերը՝ հայտարարելով, թե Մաիլյանը շարունակում է աշխատել։
Երեկ տեղեկացանք, որ մոտ 2 ամիս առաջ Մաիլյանն, այնուամենայնիվ, աշխատանքից ազատման դիմում է գրել ու հեռացել։ Մինչ այս պահը նա դեռևս որևէ տեղ չի աշխատում: Ըստ ամենայնի, կզբաղվի փաստաբանությամբ, ինչով զբաղվում են պաշտոնաթող քննիչները, դատախազները, դատավորները:
Հիշեցնենք, որ Արտաշես Մաիլյանը երրորդ նախագահ Սերժ Սարգսյանի գործով քննիչն է եղել»։