«Հրապարակ» թերթը գրում է. «Գյուլագարակի համայնքապետի տեղակալ, ՔՊ-ական Արմեն Մարիկյանն իր ընկերների հետ 2023 թ. հունիսի 4-ին ծեծի էր ենթարկել Ստեփանավանի Դենդրոպարկի մոտակայքում ծառայություն իրականացնող պարեկներին:
Դատալեքսից տեղեկացանք, որ Մարիկյանին ՀՀ քրեական օրենսգրքի 452-րդ հոդվածի 3-րդ մասով մեղադրանք է առաջադրվել, քանի որ նա, «2023 թ. հունիսի 4-ին, ժամը 17:00-ի սահմաններում գտնվելով ոչ սթափ վիճակում, ընկերների՝ Արմեն Մուրադյանի, Աշոտ Մուրադյանի և Մարատ Սուքիասյանի հետ «Դենդրոպարկ» կոչվող բուսաբանական այգի բարձրացող ճանապարհին խոչընդոտել է ծառայություն իրականացնող ՀՀ ՆԳՆ ոստիկանության պարեկային ծառայության պարեկների կողմից իրականացվող աշխատանքներին, հնչեցրել են սպառնալիքներ և նրանց նկատմամբ գործադրել բռնություն, որից հետո Աշոտ Մուրադյանը դիմել է փախուստի»: Գործը դատաքննության փուլում է:
Մեկ այլ քրեական գործով էլ է Մարիկյանն անցել. չունենալով տրանսպորտային միջոց վարելու իրավունք և գտնվելով ոչ սթափ վիճակում, մեքենա է վարել։ Նրան առաջադրվել է մեղադրանք, և պատիժ է նշանակվել տուգանք՝ 340 հազար ՀՀ դրամի չափով: Սակայն բոլոր ՔՊ-ականները չէ, որ պատժվում են նմանատիպ արարքների համար․ ամիսներ առաջ Արմավիրի Խոյ համայնքի ղեկավար Լյուդվիգ Յայլոյանի ազգականներն էին պարեկին ծեծելու համար ձերբակալվել և ազատ արձակվել։
Պարեկին ծեծելու դեպք է եղել նաև Շիրակի մարզում: Այս աղմկոտ պատմության «հերոսն» էլ Շիրակի մարզպետ Դավիթ Առուշանյանի խորհրդական Գոռ Սարոյանն է, որը վերջերս է ազատվել աշխատանքից: Նա 2017-ին ևս մեկ քրգործով հայտնվել էր դատարանում՝ մեղադրյալի աթոռին, ուստի այս անգամ նրան մեղադրանք է առաջադրվել ՔՕ 297-րդ հոդվածով` խուլիգանության, և 452-րդ` պաշտոնատար անձին դիմադրություն ցույց տալու համար»։




