«Հրապարակ» թերթը գրում է․ Զանգեզուրի միջանցքի երկարության մասին տարբեր թվեր են շրջանառվում, մի մասը նշում է 42 կիլոմետրանոց միջանցքի մասին, մյուսները` 43,5 կմ, ավելի վաղ խոսում էին 32 կմ-ի մասին, մասնավորապես, Թուրքիայում Միացյալ Նահանգների դեսպան Թոմաս Բարաքը հայտարարել էր․ «Հայաստանն ու Ադրբեջանը վիճում են 32 կիլոմետր երկարություն ունեցող ճանապարհի շուրջ։
Տվեք մեզ վարձակալությամբ այդ 32 կիլոմետրանոց ճանապարհը եւ բոլորով օգտվեք դրանից»։ Թե քանի կմ երկարություն է ունենալու այդ ճանապարհը, Վաշինգտոնում ստորագրված համաձայնագրում հիշատակում չկա:
«Ապավեն» բեռնափոխադրող ընկերության սեփականատեր եւ տնօրեն Գագիկ Աղաջանյանը ենթադրում է՝ գուցե երկու ճանապարհ է լինելու՝ 42 կիլոմետրանոցը Հայաստանի եզրով է ձգվելու, 32-ը` մի փոքր ավելի հյուսիսից։
Սակայն, դիվանագիտական մեր աղբյուրների փոխանցմամբ, 32 կմ-ի մասին հիշատակումն իրականում թուրք-ադրբեջանական քարոզչության արդյունք է:
Բանն այն է, որ Ադրբեջանը համարում է, որ դեմարկացիա-դելիմիտացիայի արդյունքում Նռնաձորի հատվածում մոտ 10 կմ-ի հասնող հատվածն իրենով է անելու, դա ադրբեջանական տարածք է համարում, այդ պատճառով էլ հնչում է նաեւ 32 կմ թիվը, պատահական չէ, որ այդ հայտարարողներից մեկը Թուրքիայում ԱՄՆ դեսպանն է եղել։