Search
Close this search box.

«Հրապարակ». Քաջարանն իրենցն է, Կապանը՝ ոչ

«Հրապարակ» օրաթերթը գրում է․ «Սյունիքի մարզպետ Ռուբերտ Ղուկասյանի եւ Կապանի քաղաքապետ Գեւորգ Փարսյանի հարաբերություններն այնքան են լարվել, որ նրանք, կարելի է ասել` խռով են, չեն խոսում, անգամ չեն բարեւում իրար։ Օգոստոսի 17-ին` Կապանի, օգոստոսի 18-ին Քաջարանի տոնն էր։ Քաղաքապետերն իրենց անունից հրավերներ էին ուղարկել Սյունիքի մարզից ընտրված ե՛ւ իշխանական, ե՛ւ ընդդիմադիր պատգամավորներին, մարզային իշխանություններին, մարզպետին։

Սակայն ՔՊ-ականներից միայն պատգամավոր Դավիթ Դանիելյանն էր ընդունել Կապանի քաղաքապետ Գեւորգ Փարսյանի հրավերը։ Ի դեպ, Դավիթ Դանիելյանը Կապանի համայնքապետի թեկնածուներից էր եւ ժամանակին պարտվել է Գեւորգ Փարսյանին: Մարզպետը չէր եկել, անգամ իր տեղակալ Նարե Ղազարյանին չէր ուղարկել, ով ավելի շատ մարզպետին ուղեկցողի դերն է ստանձնել` մասնակցում է այն միջոցառումներին, որոնց մարզպետն է մասնակցում։

«Հրապարակը» Գեւորգ Փարսյանից հետաքրքրվեց, թե ինչու մարզպետը չի մասնակցում նման մասշտաբի միջոցառման, ասաց՝ չեկողներին հարցրեք, ինքը հրավերն ուղարկել է։ Մարզպետը նույն հարցին ի պատասխան ասաց, թե զբաղված է եղել, ֆիզիկապես չի հասցրել։ Բայց հաջորդ օրը Քաջարանի տոնին մասնակցում էր ոչ միայն ինքը, այլեւ իր տեղակալ Ղազարյանը, աշխատակազմից այլ անձինք, ՔՊ-ական պատգամավորներ Արմեն Խաչատրյանը, Նարեկ Ղահրամանյանը, Դավիթ Դանիելյանը, Մարինա Ղազարյանը, Կարեն Համբարձումյանը, այլք։ ՔՊ-ականները Քաջարանում կերել-խմել են, ուրախացել ու մնացել մինչեւ ուշ գիշեր։ Սա եւս մեկ անգամ հաստատում է այն, որ Մանվել Փարամազյանը ՔՊ-ի «կրոնն ընդունել է», իսկ Փարսյանը` ոչ»: