«Հրապարակ» թերթը գրում է․ Գրել էինք, որ Նիկոլ Փաշինյանը բարդ ընտրության առջեւ է կանգնած` կուսակցության նախընտրական ցուցակը ձեւավորելու հարցում, ու տեւական ժամանակ է, ինչ այս հարցը դարձել է իշխող թիմի քննարկման առանցքային թեման։ «Կուսակցությունների մասին» օրենքն ասում է, որ կուսակցության համագումարի կամ համաժողովի բացառիկ իրավասությունն է՝ «ԱԺ հերթական ընտրություններում կուսակցության ընտրական ցուցակում թեկնածուների՝ առնվազն առաջին 3 տասնյակի հաստատումը, իսկ դաշինքով ընտրություններին մասնակցելու դեպքում՝ կուսակցությունների դաշինքի ընտրական ցուցակում թեկնածուների՝ առնվազն առաջին 3 տասնյակի հաստատումը»։
Օրենքում նշված «հաստատում» բառից էլ փորձել է կառչել Փաշինյանը եւ հարցը ներկայացնել կուսակցության քննարկմանը: Նա, բնականաբար, շատ կուզեր, որ վարչությունը, ՔՊ ակտիվը միաձայն որոշում կայացներ` ցուցակի ձեւավորումը վերապահել ՔՊ նախագահին, ապա իր կազմած ցուցակը ներկայացնեին համաժողովի հաստատմանը, քանի որ նա հասկանում է, որ իր մի քանի «լյուբիմչիկները» շատ փոքր շանսեր ունեն՝ համաժողովի պատվիրակների ընտրությամբ առաջատար հորիզոնականներ զբաղեցնելու, իսկ եթե նրանք հետին հորիզոնականներում հայտնվեն, ապա հաջորդ իշխանությունում չեն կարող հավակնել բարձր պաշտոնների։ Իհարկե, կարող եք ասել, որ դեռեւս չխփած արջի մորթին են ՔՊ-ում բաժանում, որովհետեւ հայտնի չէ՝ կարողանալո՞ւ են արդյոք վերարտադրվել, բայց սա նաեւ թիմին ներշնչելու համար է արվում, որ ներսում համոզված լինեն` ՔՊ-ի հաղթանակի հարցն արդեն որոշված է, մնում է պաշտոնների բաժանման հարցը որոշեն:
Առայժմ ցուցակի ձեւավորման հարցի վերաբերյալ վերջնական որոշում չի ընդունվել, սակայն մեծամասնությունն այն տարբերակին է կողմ, որ ցուցակը ձեւավորվի համաժողովի պատվիրակների կողմից: Դիցուք, նրանց առաջարկվի 200-250 հոգանոց թեկնածուների ցանկից ընտրել 30 թեկնածուի, եւ, ըստ այդմ, կազմվի ցուցակը։ Մյուս կողմից՝ Փաշինյանը չի կարող անձամբ պնդել, որ ինքը ձեւավորի ցուցակը, հետո պետք է թիմակիցներին հանգամանորեն բացատրի, թե ինչու է այսինչի անունը 10-րդ հորիզոնականում եւ ոչ թե 3-րդ։ Իսկ քանի որ համաժողովի պատվիրակները տարածքային կառույցների ներկայացուցիչներ են, եւ, որպես կանոն, տեղային շահերն էլ են դեր խաղում ընտրության ժամանակ, ուստի հնարավոր է ընտրության արդյունքներով ամենաշատ ձայն ստացած առաջին 50 թեկնածուին` իրենց ստացած ձայների հիման վրա ցուցակագրեն, իսկ 50-ից հետո ցուցակը խմբագրի Նիկոլ Փաշինյանը։
Մեր աղբյուրն ասաց, որ չեն կարող թույլ տալ, որ, օրինակ, մի հեռավոր իքս գյուղի գյուղապետը, օգտագործելով իր կապերը տարածքային կառույցում, բարձր ձայներ ստանա, ցուցակում առաջատար դիրք ունենա՝ հավակնելով պատգամավորի մանդատի, իսկ, դիցուք, թիմի միակ իրավաբան Վլադիմիր Վարդանյանը մղվի հետին հորիզոնականներ։ Սա նշանակում է, որ իշխող թիմում ժողովրդավարական կարգով չի ձեւավորվելու ցուցակը։
Ինչ վերաբերում է բարձր պաշտոններին, ապա հավակնորդները պետք է լինեն առնվազն առաջին 30-ի կազմում, իսկ ապագա ԱԺ նախագահը՝ առաջին հնգյակում։ Սրա մասին ուղիղ քննարկում չի եղել, բայց տողատակերով հասկացվել է։
Ի դեպ, նախօրեի վարչության նիստում էլ կրկին թեկնածուների գրանցման հարցն են քննարկել, նիստն անցկացրել են հեռավար, քանի որ վարչության անդամներից ոմանք երկրից բացակայում էին։
Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այս հասցեով՝ : https://hraparak.am/post/07b3d4c620e162468e2c3f7da30d06fd
© 2008 — 2021 «Հրապարակ օրաթերթ»




