«Հրապարակ» թերթը գրում է. «Մեր տեղեկություններով, իշխանությունը խուճապի մեջ է այն փաստից, որ քրեածին իրավիճակը երկրում չի բարելավվում: Հատկապես Աջափնյակի արյունալի միջադեպից հետո քննարկել ու հասկացել են, որ ևս մի նման միջադեպ, և ոչ մի հույս չեն կարող ունենալ, որ Երևանից քվե կստանան, ուստի հանձնարարել են պատկան կառույցներին, և հատկապես ներքին գործերի նախարարությունը եռանդով անցել է գործի։ Ոստիկանությունից հատ-հատ զանգում են օրինական զենք ունեցողներին, հարցուփորձ անում՝ որտեղ է իրենց զենքը, կիրառո՞ւմ են այն, և այլ հարցեր են տալիս։
Ի դեպ, նաև պարեկային ծառայության աշխատողներն են վերջին օրերին ռեյդեր անում` ստուգում են մեքենաների ներսն ու դուրսը, ինչը ևս «զենք գտնելու» օպերացիայի շրջանակներում է իրականացվում։ Ներքին գործերի նախարարությունից, ըստ էության, հաստատեցին մեր տեղեկությունը. «Սահմանված կարգով, ոստիկանների պարտականությունն է՝ հաշվառված զենքերի նկատմամբ հսկողության իրականացումը։ Դա մշտական աշխատանք է»»։





