«Հրապարակ» թերթը գրում է. Նիկոլ Փաշինյանի ապաշնորհ խմբակը, որը ոչ վաղ անցյալում քաղաքական հակառակորդներին էր մեղադրում ադրբեջանական թեզեր տարածելու, խաղաղության գործընթացը տապալելու եւ այլ մեղքերի մեջ, վերջապես գտել է, թե ում մեղքով է տապալվել կամ հետաձգվել իրենց կողմից դաշտ նետված խաղաղության կեղծ օրակարգը կամ, այսպես կոչված, խաղաղության պայմանագիրը։ Պարզվում է՝ այդ մարդն էլ է Հովիկ Աղազարյանը, որն օրերս մերժեց Նիկոլ Փաշինյանի «խնդրանքը»՝ մանդատից հրաժարվելու մասին, եւ թիմը նրան հռչակեց «պետական դավաճան», անբարո անձ։ Ապաշնորհների, ապազգայինների այս խմբակն այնքան ինքնամոռաց է կատարում «վոժդի» հրահանգները, որ ներքին հարցեր լուծելու ճանապարհին չեն նկատում, թե ինչպես են իրականում Հայաստանը դնում հարվածի տակ՝ աշխարհին ներկայացնելով իբրեւ հայ-ադրբեջանական բանակցությունները տորբեդահարող, խաղաղության պայմանագրի ստորագրումը տապալող, մինչդեռ բոլորը գիտեն, որ Ադրբեջանը ոչ մի թուղթ էլ չի պատրաստվում ստորագրել, քանի որ դա կապելու է իր ձեռքերն ու ոտքերը, եւ չի կարողանալու երկրավաճառների այս խմբակից ստանալ իր ուզածը` մինչեւ վերջին սանտիմետրն ու վերջին պատառը, ինչն արել է մինչ օրս։
ԱԺ նախագահի պաշտոնը զբաղեցնող անձը՝ պետության երկրորդ պաշտոնյան, երեկ սենսացիոն հայտարարություն արեց` առանց երկար-բարակ մտածելու, որ «Ադրբեջանի հետ բանակցությունները ձախողվել են նաեւ մեր կողմից արտահոսքի պատճառով»։ «Վարչապետը գալիս եւ պատմում է մեզ Ալիեւի հետ հանդիպման մասին, վարչապետը մեզ ինֆորմացիա է տալիս, որը պետական գաղտնիք է պարունակում, իսկ նա այդ ամենը հրապարակում է։ Դա նորմա՞լ է»,- լրագրողների հետ զրույցում ասաց Ալեն Սիմոնյանը՝ պաշտոնապես հայտարարելով, որ Հայաստանն է ձախողել բանակցությունները` ակնարկելով «Հրապարակում» տպագրված մի լուրը, որը ոչ մի կապ չունի խաղաղության պայմանագրի բանակցությունների հետ:
Ապա իր շեֆի ոճով Սիմոնյանն անցավ հեքիաթասացության ժանրին․ «Մենք ավելի քան մեկ տարի փնտրում էինք, որպեսզի հասկանանք, թե որտեղից է կատարվել արտահոսքը։ Երբ դա վերաբերում է կուսակցական հարցերին, էլի ոչինչ։ Բայց երբ դա վերաբերում է Հայաստանի անվտանգությանը, այդպես էլ պետք է մնա՞։ Մենք անհանգստացել ենք արտահոսքի պատճառով, հենց որ իմացել ենք այդ մասին։ Մենք չգիտեինք, թե ով է արտահոսքի պատճառը։ Որոշ ժամանակ առաջ դեպքեր եղան, երբ բանակցությունները (Ադրբեջանի հետ՝ խմբ.) ձախողվեցին, հարաբերությունները սրվեցին նաեւ այն պատճառով, որ մենք, պայմանական ասած, խախտում էինք պայմանավորվածությունները, ինչ-որ բանի մասին բարձրաձայն ասում էինք, իրականացնում էինք արտահոսքեր։ Դրանից հետո գնա եւ ապացուցիր, որ այս խմբակցության անդամը հարցազրույց է տվել կամ ինֆորմացիա տրամադրել ոչ թե միտումնավոր, այլ՝ սխալմամբ»։
Ալեն Սիմոնյանին հարկ ենք համարում հիշեցնել, որ մամուլը վերջին մի քանի օրերին չէ, որ անդրադառնում է հայ-ադրբեջանական բանակցություններին, եւ եթե, իսկապես, այդ արտահոսքերն այդքան մեծ վնաս են հասցրել պետության շահին եւ 4 տարի շարունակ ձախողել են բանակցային գործընթացը, ապա Ազգային անվտանգության ծառայությունը պարտավոր էր ժամանակին զբաղվել դրանով` բացահայտել պետության դեմ իրականացվող քայլերն ու անողների ինքնությունը, ոչ թե զբաղվեր ընդդիմադիրներով, կեղծ գործեր սարքելով, եւ երբ Քյարամյանի հետ կոնֆլիկտից հետո իրենց շեֆը որոշեր, որ Զեյնալյանն ու Աղազարյանը մանդատները պետք է վայր դնեն, մտացածին թեմաներ բերեին ասպարեզ։
«Եթե իմ նկատմամբ հաշվեհարդար տեսնելով պետության անվտանգությունը կբարձրանա, պետության կայունությունը կուժեղանա, խաղաղության պայմանագիրը կստորագրվի այնպես, ինչպես ես եմ ուզում, ապա ես պատրաստ եմ այդ «զոհը» լինեմ»»,- երեկ հայտարարեց Հովիկ Աղազարյանը՝ հավելելով․ «Եթե ես էի խանգարում թիմին՝ այդ հարցերը լուծելու համար․․․ յուրաքանչյուրը հիմա լսում է ինձ ու հասկանում է, թե ինչ նկատի ունեմ ես, եթե ես եմ խանգարողը, թող ես լինեմ այդ զոհը»։