«Հրապարակ». Նախկին համեստ ուսուցչից բան չի մնացել

«Հրապարակ» թերթը գրում է․ Պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանը նախօրեին խորհրդարանում մի աղմկահարույց հայտարարություն արեց` պատասխանելով հարցին, թե ինչու են վերջին շրջանում մի շարք փորձառու սպաներ ազատվել կամ հեռացվել ծառայությունից։ Նախարարն ասաց․ «Պետք է հասկանալ, թե իրականում ինչ փորձ ունեին այդ մարդիկ։ Մենք գործ ունենք մի համակարգի հետ, որի խնդիրների մասին գաղտնիք չէ, որ հաճախ է խոսվել։ Հետեւաբար, պետք է ազատվել ռիսկային մարդկանցից, ինչը հիմա էլ տեղի է ունենում»։ Թե խոսքն ինչ «խնդիրների» մասին է, եւ ինչ նկատի ունի «ռիսկային մարդիկ» ձեւակերպումով, Պապիկյանը չմանրամասնեց։

Սակայն համակարգի մեր աղբյուրներից տեղեկացանք, որ դեռեւս 2022 թվականից հետո՝ Պապիկյանի ոտքը ՊՆ դնելու պահից սկսած, համակարգում «չիստկա» է սկսվել, հեռացրել են քաղաքական այլախոհներին: Այդ «չիստկան» կրկին նոր թափ է ստացել վերջին շրջանում, եւ ոմանք դա բացատրում են նախընտրական շրջանով։ Նման զտումների ալիք ՊՆ-ում բարձրացել է նաեւ 2018-2022 թվականներին՝ իշխանափոխությունից հետո։ «Ռիսկային մարդիկ» ասելով՝ Սուրեն Պապիկյանը նկատի ունի նախկինների հետ այս կամ այն կերպ ազգակցական, բարեկամական եւ ընկերական կապեր ունեցողներին: Ում հայտնաբերում են, անմիջապես լուծում են նրա հարցերը։ Նիկոլ Փաշինյանի իշխանության օրոք պաշտպանական գերատեսչությունում առաջնորդվում են ոչ թե  պետության պաշտպանության եւ անվտանգության առաջնահերթություններով, այլ՝ սեփական իշխանությունը պահելու հաշվարկով։ 

ՊՆ մեր աղբյուրի պատմելով, Պապիկյանը խնդիր է դրել անգամ կենտրոնական ապարատը՝ բարձրաստիճան զինվորականների թվակազմը զգալի կրճատել, խոսքը 200-250 զինվորականի մասին է, սակայն կանխատեսելով, որ դա կարող է աղմուկ բարձրացնել եւ ամենակարեւորը՝ ընտրությունների նախաշեմին այդքան ընտանիքների, նաեւ նրանց հարազատներին իշխանության դեմ կհանի, որոշման իրագործումը հետաձգել է: Ըստ այդմ, կրճատումներ կարվեն խորհրդարանական ընտրություններից հետո։ Իսկ հիմա նախընտրական պոպուլիստական ծրագրերի հերթն է։

Առաջիկա նիստին հրատապ ռեժիմով կընդունեն զինծառայությունը կես տարով կրճատելու մասին վտանգավոր նախագիծը։ Որոշ տեղեկություններով, անգամ ՔՊ-ում որոշները հասկանում են, որ չի կարելի պոպուլիզմին տուրք տալ` դրան ստորադասելով բանակի մարտունակության հարցը, եւ գնալ արկածախնդրության՝ բացառապես այն նպատակով, որ հանրության որոշ շերտերի գովասանքին արժանանան ու մի քանի քվե կորզեն։ Պարզ է, բոլորն էլ կուզենան, որ իրենց զավակները քիչ ծառայեն, բայց եթե դա արվում է պետության անվտանգության հաշվին, ապա անթույլատրելի է։ Բանն այն է, որ ժամկետի կրճատումը, ըստ հաշվարկների, հանգեցնելու է նաեւ թվակազմի կրճատման, հետեւաբար, մարտական հերթափոխի խնդիր է առաջանալու՝ առնվազն առաջիկա մի քանի տարիներին, որքան էլ որ Պապիկյանը հայտարարի, թե զինծառայողների քանակն այս որոշումից չի փոխվելու։

Ուշագրավ է, որ ընդդիմադիրներն էլ են կաշկանդված այս նախագծի հարցում եւ բաց չեն խոսում այս խնդիրների մասին՝ վախենալով արժանանալ հայոց մայրերի անեծքին: Նախօրեին պաշտպանության հանձնաժողովում նրանք անգամ չմասնակցեցին նախագծի քվեարկությանը, դիրքորոշում չարտահայտեցին` կողմ են, թե դեմ՝ տրվելով պոպուլիզմին։ Ընդդիմության այս պահվածքից ոգեւորված, կան խոսակցություններ, որ որոշ ժամանակ հետո ՔՊ-ն մեկ այլ առաջարկով է հանդես գալու՝ բանակը մեկ տարի դարձնելու մասին, գուցե այդ առաջարկը կյանքի չկոչվի, բայց հաստատ «կաշխատի» նախընտրական շրջանում։

Ինչեւէ, ՊՆ մեր աղբյուրները պատմում են նաեւ, որ համեստ պահվածքով աչքի ընկած երբեմնի պատմության ուսուցիչ Պապիկյանից այսօր ոչինչ չի մնացել: Ոչ միայն նրա արտաքինն է շատ փոխվել` գիրացել, հայացքը խստացել, քայլվածքը փոխվել, այլեւ իր ենթակաների հետ հիմա խոսում է ակնհայտ քամահրանքով: Հատկապես, երբ որեւէ մեկին դիտողություն է անում, ասում են, որ դա անում է դիմացինին ծաղրելով, ձեռք առնելով։

Փափուկ կահույքի քիմմաքրում, Химчистка мягкой мебели

Կատարում ենք բազմոցների, բազկաթոռների, աթոռների, ներքնակների քիմմաքրման աշխատանքներ:

Օգտագործում ենք բացառապես գերմանական բարձրորակ, անվտանգ, հակաալերգիկ և արդյունավետ միջոցներ՝ հիանալի արդյունքի համար։