«Հրապարակ». Մարզպետի հոր սրճարանը 1 ամսով փակվել է, ապա՝ վերաբացվել

«Հրապարակ» թերթը գրում է․ Սեպտեմբերին Արմավիրի Հիվանդությունների վերահսկման եւ կանխարգելման ազգային կենտրոնի (ՀՎԿԱԿ) մասնաճյուղից ահազանգ էր ստացվել, որ Արմավիրի բժշկական կենտրոն է ընդունվել երկու քաղաքացի՝ «սննդային թունավորում» ախտորոշմամբ: Պարզվել էր, որ այդ քաղաքացիների ինքնազգացողությունը վատացել էր «Արմավիր Գարդեն» հանրային սննդի կետում սնկապուր ուտելուց հետո: Ավելի ուշ բժշկական օգնության էր դիմել եւս 10 քաղաքացի, որոնք նույն՝ «Արմավիր Գարդեն»-ում հավի թեւիկներ, հավով աղցան եւ հավով պիցցա էին կերել: Այս սրճարան-ռեստորանը դեպքից հետո ՍԱՏՄ-ն չէր փակել, թեպետ մեկ տասնյակից ավելի քաղաքացիներ տեղափոխվել էին  հիվանդանոց։ Բանն այն է, որ այս օբյեկտի սեփականատերն Արմավիրի մարզպետ Վահրամ Խաչատրյանի հայրն է` նրա անվան հետ է կապվում այն: Նա Արմավիրում նաեւ սուպերմարկետներ ունի։ ՍԱՏՄ-ից մեզ այդ ժամանակ ասել էին, թե չեն փակել օբյեկտը, մինչեւ ուտեստներից վերցված լաբորատոր փորձաքննության արդյունքները ստացվեն։
Երեկ ՍԱՏՄ-ից մեզ տեղեկացրին․ «Սրճարանի գործունեությունը կասեցվել է, տրվել են պարտադիր կատարման հանձնարարականներ, որոնք կատարվել են, տնտեսվարողը ենթարկվել է վարչական պատասխանատվության, նորից թողարկել է սննդամթերքը, որ անհամապատասխանություններ ուներ, որը ենթարկվել է լաբորատոր փորձաքննության, եղել է առանց խախտումների։ Կասեցումը վերացվել է»։ Որքա՞ն է կազմել տուգանքի չափը, ասացին՝ այն հրապարակման ենթակա չէ։ Սրճարանը մեկ ամիս է փակված եղել, գործունեությունը կասեցվել է սեպտեմբերի 9-ին, վերացվել՝ հոկտեմբերի 13-ին։

Քննչական կոմիտե հարցում էինք արել՝ կա՞ նախաձեռնված վարույթ։ Մեր գրավոր հարցմանն ի պատասխան հայտնել են․ «ՀՀ քննչական կոմիտեի Արմավիրի մարզային քննչական վարչությունում հանրային սննդի կետում թունավորման դեպքի առթիվ նախաձեռնվել է քրեական վարույթ՝ Քրեական օրենսգրքի 413-րդ հոդվածի 2-րդ մասի 2-րդ կետի (անզգուշությամբ առաջացրել է երկու կամ ավելի անձանց հիվանդացում կամ թունավորում՝ պատժվում է ազատազրկմամբ՝ մեկից երեք տարի ժամկետով) հատկանիշներով: Նախաքննության ընթացքում նշված անձինք ճանաչվել են տուժող, իսկ ստացված դատաբժշկական փորձաքննությունների եզրակացությունների համաձայն՝ տուժողների առողջությանը պատճառվել է թեթեւ վնաս, առողջության կարճատեւ քայքայումով: Քրեական վարույթի նախաքննությունը շարունակվում է, կատարվում են ապացուցողական եւ վարույթային անհրաժեշտ գործողություններ, արդյունքների վերաբերյալ կտրամադրվի լրացուցիչ տեղեկատվություն։
Նախաքննությունը շարունակվում է»։

Դեկտեմբերի 13-ին էլ, հիշեցնենք, պայթել էր մարզպետի հոր բենզինի բաքը` բաքը զոդող անձին ծանր վիճակում տեղափոխել էին հիվանդանոց, իսկ երեկ երեք երեխայի 36-ամյա հայրը մահացել է։

Փափուկ կահույքի քիմմաքրում, Химчистка мягкой мебели

Կատարում ենք բազմոցների, բազկաթոռների, աթոռների, ներքնակների քիմմաքրման աշխատանքներ:

Օգտագործում ենք բացառապես գերմանական բարձրորակ, անվտանգ, հակաալերգիկ և արդյունավետ միջոցներ՝ հիանալի արդյունքի համար։