«Հրապարակ» թերթը գրում է. «Երեկ հայտնի դարձավ, որ Կապանում ապամոնտաժվել է նորմատիվ պահանջների խախտումով շահագործվող մի բենզալցակայան։ Մեզ պատմեցին, որ լցակայանը գործում էր ավելի քան 4 տարի, պատկանում էր իշխանամերձ գործարար Էդգար Հակոբյանին, որը հայտնի կառուցապատող է: Սյունիք այցերից մեկի ընթացքում Փաշինյանն այցելել էր նրա ընկերության կառուցած նորակառույց շենքերից մեկը։
Քաղաքում խոսում են, որ համայնքի ղեկավար Գեւորգ Փարսյանը, որ վերջին ժամանակներում հայտնվել է իշխանության թիրախում, նույնպես անցել է հակագրոհի եւ որոշել է այլեւս աչք չփակել անվտանգային չափանիշներին չհամապատասխանող բենզալցակայանի վրա, ու քանդելու որոշում է կայացվել։ Մանավանդ որ լցակայանի սեփականատեր Էդգար Հակոբյանին, ըստ մեր աղբյուրի, ՔՊ-ն պատրաստվում է առաջիկա ընտրություններին քաղաքապետ դարձնել։ Էդգար Հակոբյանը մեզ ասաց, որ Փարսյանն իր հարազատ մարդն է, եւ ինքը, ըստ էության, առարկություն չունի այդ որոշման վերաբերյալ, քանի որ լցակայանի կողքին շենք էր կառուցում, եւ հիմա եկել է ավարտական ակտը ստանալու պահը, որը հրաժարվել են տրամադրել` բենզալցակայանի առկայության պատճառով։
Ինչ վերաբերում է, որ ինքը կարող է դառնալ իշխանության սրտի թեկնածուն, գործարարը կոռեկտ չի համարել խոսել այդ մասին․ «Հիմա քաղաքը քաղաքապետ ունի, հա, ես էլ եմ լսել, որ ինձ ուզում են․․․ վարչապետի, իշխանական թեւի հետ շատ բարձր մակարդակի, բարիդրացիական հարաբերություններ ունեմ, բայց այս պահին դեռ միտք չկա՝ քաղաքականությամբ զբաղվելու, դեռ բիզնեսներն ենք անում»։
Առավել մանրամասն թերթի այսօրվա համարում