Search
Close this search box.

«Հրապարակ». Իրականում տրանսպորտի սակագինը չպետք է անցնի 120-130 դրամ դրամից. Դավիթ Խաժակյան

«Հրապարակ» թերթը գրում է. «Փետրվարի մեկից Երևանի քաղաքապետարանը 300 դրամ գին է սահմանում քաղաքային տրանսպորտով մեկ ուղևորության համար։ Իհարկե, դու կարող ես ավելի էժան գնով օգտվել։ Ասենք՝ 900 դրամ վճարել 1 օրվա համար ու այդ մեկ օրում 8 անգամ ավտոբուս նստել կամ 5000 տալ 7 օրվա համար ու 30 անգամ ավտոբուս կամ մետրո, կամ տրոլեյբուս նստել, կամ ամիսը 9000 տալ՝ միջին ընտանիքի  հոսանքի մի ամբողջ ամսավճարի չափ, ու մի ամիս ինչքան ուզես, ավտոբուս նստես։ Բայց եթե դու խելագար գրաֆիկով չես ապրում, չես սիրում օրը մթնեցնել ավտոբուսների մեջ, չունես «ավտոբուսամանիա», խելագարի նման ամբողջ օրը քաղաքի մի ծայրից  մյուսը չես երթեւեկում, այլ սովորական երևանցի ես, որն առավոտյան գնում է աշխատանքի ու երեկոյան գալիս է, ապա փետրվարի մեկից քեզ համար տրանսպորտը շատ թանկ հաճույք է դառնալու, օրական տաքսի ծառայության մեկ «մինիմալի» գին ես վճարելու դրա համար։

Հիշեցնենք․ քաղաքապետարանը բարդ, անհասկանալի, իրականությունից կտրված  սանդղակ է սահմանել, ըստ որի՝ նաև անսահմանափակ երթևեկելու հնարավորություն է տրվում, եթե 90 օրվա համար 24 000 դրամ ես վճարում կամ 365 օրվա համար՝ 90 000 դրամ։ Բայց նրանք, ովքեր ունեն այսպիսի գումարները վճարելու հնարավորություն, կա՛մ տաքսիով են երթեւեկում, կա՛մ էլ սեփական ավտոմեքենա ունեն։ Ինչո՞ւ պետք է նրանք ժամերով կանգառներում սառչեն՝ Ավինյանի ավտոբուսներից օգտվելու համար։

«Լուսավոր Հայաստան» կուսակցության անդամ Դավիթ Խաժակյանը կարծում է, որ այս անարդար գնային քաղաքականությունը կիրառելով, մեր քաղաքային իշխանությունները ստիպում են, որ քաղաքացիները վճարեն իրենց բացթողումների համար։ «Ակնհայտ է, որ այդ 300 դրամն անարդարացի թանկ սակագին է։ Ինքը՝ համակարգը, նորմալ չի աշխատում։ Հաշվարկի  իրենց ելակետը վերաբերում է այն մարդկանց, ովքեր չափազանց շատ են տրանսպորտից օգտվում, նրանց համար է էժան դառնում, իսկ այն մարդիկ, ովքեր պարզապես ամեն օր գնում են աշխատանքի ու վերադառնում, նրանց համար անհարկի մեծ թանկացում է տեղի ունենում։ Եթե նայենք, թե որքան է «Երևան ավտոբուսը» ֆինանսավորվում, ու որքան են թանկացնում տրանսպորտը,  կտեսնենք, որ իրականում դրա սակագինը չպետք է անցնի 120-130 դրամից»,- ասում է նա։ Մի քանի հարց եւս տվեցինք քաղաքի խնդիրներին միշտ ուշադիր հետեւող Դավիթ Խաժակյանին։

—  50-ից բարձր երևանցիների ահռելի քանակ կա, ովքեր չեն կարողանում օգտվել սմարթֆոնների բոլոր հնարավորություններից, «Թել-Սել»-ից, իսկ մեկ օրվա տոմս 900 դրամով թոշակառու տատիկ-պապիկները չեն կարող գնել։ Նրանք ի՞նչ են անելու։ 

— Ամբողջ հարցն այն  է, որ Երևանի իշխանությունները հիմնում են նոր մոնոպոլիա, մենաշնորհ, որը «Թել-Սելն» է։ Պատկերացրեք, էդ՝ Ձեր ասած թոշակառուն ցանկանում է վճարել հոսանքի դիմաց, նա կարող է ցանկացած տերմինալով վճարել, գնա փոստային բաժանմունք, բանկ, իսկ տրանսպորտի համար վճարելու միակ տարբերակը կա։ Քաղաքապետարանը ստեղծել է  վճարային  նոր մոնոպոլիա ու ասում է՝ «Թել-Սելից» բացի չես կարող այլ կերպ վճարել, եւ սա անարդարացի է, սխալ է, սա չի բխում քաղաքի շահերից։

— Չկա՞ մի լրացուցիչ հերթապահ համակարգ, որը «Թել-Սել»-ի խափանումների դեպքում գործարկվի։ Այդպիսի խափանումներ շատ են լինում։ Ես, օրինակ, դրանց պատճառով երեք անգամ ջնջել ու կրկին վերականգնել եմ այդ հավելվածը, ստիպված։ 

—  Ոչ, չկա։ Ամբողջ տրանսպորտը հիմնված է այդ ընկերության վճարային  համակարգի վրա։ Ու եթե այն հետագայում խնդիր առաջացնի, ու հանկարծ այնպես ստացվի, որ քաղաքը որոշի նոր վճարային օրպերատոր ներգրավել, չի կարողանալու, որովհետև այդ ամբողջ ունեցվածքը՝ ծրագրային ապահովումը, պատկանում է հենց «Թել-Սելին»։

Ինչպես հայտնի է, տրանսպորտի թանկացման արդյունքում Երեւանը դառնալու է ամենաթանկ տրանսպորտ ունեցող քաղաքն ԱՊՀ նախկին երկրների շարքում»։