«Հրապարակ» թերթը գրում է. «Մինչ Փաշինյանի ընտանիքի անդամներն անգամ խուսափում են անօրեն պատարագներից, թափառաշրջիկ հավատացյալների հոտում իր մշտական տեղն ունի Թալինի համայնքապետ Տավրոս Սափեյանը:
Ասում են՝ նա հիմնավոր պատճառներ ունի Փաշինյանին կրնկակոխ հետևելու և առանց բացառության բոլոր «պատարագներին» ներկա գտնվելու, քանի որ մտավախություն ունի, որ առաջիկայում լրատվամիջոցներում իր մասին որոշ սկանդալային բացահայտումներ են լինելու, թե ինչպես են համայնքային բյուջեի միջոցներն ուղղվել իրեն և իր մերձավորներին պատկանող ընկերություններին։
Մասնավորապես, 2023 թվականին «Սափեյան եղբայրներ» ՍՊԸ-ն, որի հավասար բաժնետերերն են Տավրոս Սափեյանի հայրը` Էդիկ Սափեյանը, և հորեղբայրը` «Հանրապետություն» կուսակցության անդամ Ժորա Սափեյանը, երկու անգամ հաղթել է Թալինի համայնքապետարանի՝ հեղուկ և սեղմված գազի մատակարարման մրցույթներում։ Երկու պայմանագրերի ընդհանուր արժեքը կազմել է 15 մլն 714 հազար դրամ, երկու մրցույթում էլ միակ մասնակիցը եղել է Սափեյանների ընկերությունը։ Իսկ Սափեյանը մարզպետական հավակնություններ ունի և իր հավատարմությամբ փորձում է Փաշինյանի կադրային բանկում տեղ գրավել ու ոչ միայն կանխել այդ բացահայտումները, այլև հասնել բաղձալի պաշտոնին։ Մեզ երեկ չհաջողվեց զրուցել Սափեյանի հետ»։




