«Հրապարակ». Հետապնդումները հասան հեղափոխականներին

«Հրապարակ» թերթը գրում է. «Իշխող թիմում միանշանակ չեն ընդունել Հովիկ Աղազարյանին եւ Տարոն Մարգարյանին անձեռնմխելիությունից զրկելու գլխավոր դատախազի միջնորդությունը։ Աղազարյանի դեպքում հասկանում են, որ գործընթացը մեկ անուն ունի՝ «նա համարձակվել է չենթարկվել վոժդին», ուստի այն, ինչ այսօր նրա հետ կատարվում է, վաղն իրենց գլխով էլ է անցնելու, եթե Փաշինյանը հանկարծ որոշի, որ իրենք մանդատը պետք է դնեն, եւ իրենք համարձակվեն նրա կամքին դեմ գնալ, իսկ Տարոն Մարգարյանի նկատմամբ գործը մաշված ու հնացած մի գործ է, որ 7 տարի է՝ քննվում է, եւ եթե այն դատական հեռանկար ունենար, ապա վաղուց դատարան ուղարկած եւ դատավճիռ կայացրած կլինեին` ի տես արյան ծարավ ընտրազանգվածի:

2021-ին առաջադրված այդ մեղադրանքը ստիպված են եղել վերաորակել՝ պաշտոնեական լիազորությունների չարաշահման հոդվածին ավելացնելով փողերի լվացումը եւ նախընտրական թատրոն բեմադրել։ Եթե անգամ 2 թիրախ պատգամավորները զրկվեն անձեռնմխելիությունից, այդ գործերի քննությունը տեղից չի շարժվելու։

Չնայած դրան, ՔՊ աղբյուրները պնդում են, որ բոլորը մեկ մարդու պես կողմ կքվեարկեն դատախազի միջնորդությանը, քանի որ Փաշինյանն անձամբ է գծել սցենարը եւ ուզում է մեկ անգամ էլ փորձել համոզել իր ֆանատներին, թե պայքարում է թալանչիների դեմ։

Ըստ օրենքի՝ պատգամավորի նկատմամբ քրեական հետապնդում հարուցելուն կամ նրան ազատությունից զրկելուն համաձայնություն տալու մասին միջնորդագիրը քննարկվում է ԱԺ առաջիկա նիստում, իսկ ազատությունից զրկելուն համաձայնություն տալու մասին ԱԺ որոշումն ընդունվում է գաղտնի քվեարկությամբ՝ պատգամավորների բացարձակ մեծամասնության կողմ ձայներով»:
Առավել մանրամասն թերթի այսօրվա համարում