«Հրապարակ» թերթը գրում է. «Նիկոլ Փաշինյանը որոշել է Հայաստանի՝ Եվրամիությանն անդամակցության հարցով հանրաքվե անել, ավելի ճիշտ՝ ընդառաջել «Եվրաքվեին», որի արդյունքում «Ժողովրդավարական ուժերի հարթակը» մոտ 60 հազար ստորագրություն է հավաքել, ներկայացրել ԿԸՀ։ Հարթակի մաս կազմող Հայաստանի եվրոպական կուսակցության առաջնորդ Տիգրան Խզմալյանը մեզ ասաց, որ ԿԸՀ-ում ստորագրությունների ստուգման գործընթացն ավարտվել է, հանգստյան օրերին իրենք կքննարկեն եւ օր առաջ նախագիծը կներկայացնեն ԱԺ։
Ընթացակարգի համաձայն՝ ԱԺ-ն պետք է որոշի՝ նշանակե՞լ հանրաքվե, թե՞ մերժել։ Եթե մերժեն, նախաձեռնող խումբը եւս մեկ ստորագրահավաք պետք է անցկացնի եւ հավաքի 300 հազար ստորագրություն, որ առանց ԱԺ-ի որոշման հանրաքվեն իրականացվի։
Բայց տեղեկություններ կան, որ առաջիկայում խորհրդարանը հավանության կարժանացնի «Եվրաքվեի» նախագիծը։ Խզմալյանը չի կարող ասել, թե իշխանությունն ինչպես կվարվի, նա վստահեցնում է՝ եթե մերժեն, 300 հազար ստորագրություն են հավաքելու․ «Եթե, իսկապես, ցանկանում են հանրաքվե անել, կարիք չունեին սպասել ստորագրահավաքին՝ այն ընդամենը մտրակ էր։ Եթե ուզեն, այսօր էլ կարող են նման գործընթաց սկսել»։
Օրեր առաջ Նիկոլ Փաշինյանը Հանրային հեռուստաընկերությանը տված հարցազրույցում գրեթե ուղիղ ասաց, որ չեն կարող խորհրդարանում մերժել արեւմտամետներին եւ, ըստ ամենայնի, ընդունելու են «Եվրաքվեի» նախագիծը։
Նա հիշեցրեց Եվրախորհրդարանում ամիսներ առաջ իր ելույթը, որտեղ հայտարարել էր Հայաստանի՝ Եվրամիությանը հնարավորինս մոտ լինելու մասին, եւ ընդգծեց, որ դա սոցցանցերում ամենաշատ տարածում ստացած ելույթներից մեկն է եղել, ինչը, նրա խոսքով, վկայում է այդ օրակարգին հանրային լայն աջակցության մասին։ Փաշինյանը նկատել էր, որ քաղաքական տրամաբանության տեսակետից դժվար կլինի դեմ արտահայտվել «Եվրաքվեի» նախաձեռնությանը»:
Առավել մանրամասն թերթի այսօրվա համարում