«Հրապարակ»-ը գրում է․ «COP-29-ը՝ Կլիմայի փոփոխության մասին ՄԱԿ-ի շրջանակային կոնվենցիայի 29-րդ համաժողովը, կկայանա Բաքվում՝ նոյեմբերի 11-24-ը։ Հիշեցնենք, որ Բաքուն այդ հնարավորությունը ստացավ պաշտոնական Երևանի աջակցության շնորհիվ, որը հրաժարվեց իր հայտից` Արցախի հայաթափումից 3 ամիս անց։ Այդ օրերին 32 հայ գերի վերադարձավ Հայաստան։
COP-29-ին ակնկալվում է շուրջ 70-80 հազար հյուր՝ տասնյակ պետություններից, ընկերություններից, գիտական կազմակերպություններից։ Դա կարևորագույն հարթակ է՝ թեկուզ միայն հայ գերիների ապօրինի պահման հարցը բարձրացնելու համար։ Միջազգային և համեմատական իրավունքի կենտրոնի նախագահ Սիրանուշ Սահակյանը, անդրադառնալով հայ գերիների հարցին, ասաց, որ խնդիրը միայն Ադրբեջանի տիրույթում չէ։ «Օտարերկրյա քաղաքացիների գերեվարումն ու հետագա պատանդառությունը նաև միջազգային իրավունքով կանոնակարգված հարց է, և, բարեբախտաբար, կան նաև միջազգային մեխանիզմներ, որոնք վերահսկողություն են իրականացնում ազգային իշխանությունների գործելակերպի նկատմամբ՝ մարդու իրավունքների դիտանկյունից։ Այստեղ բոլոր հնարավոր մեխանիզմները, կարելի է ասել, գործարկված են, խնդիրն առավելապես քաղաքական է»,- ասաց նա: Ադրբեջանը, օգտվելով իր տնտեսական դրությունից և իր շահերին համընկնող աշխարհաքաղաքական դիրքորոշումներից, փորձում է անտեսել միջազգային իրավունքը և չի ապահովում մարդասիրական ու մարդու իրավունքներին առնչվող պայմանավորվածությունների պահպանումը։
«Հայկական կողմի մարտահրավերը, միջազգային դատական, արտադատական կառույցների հետ աշխատելով, հանրային և դիվանագիտական շրջանակներում ճնշումների նոր աղբյուրներ գտնելն է, ավելի ուժգին քաղաքական ճնշում գեներացնելն է, որը մեծ գործոն կդառնա Ադրբեջանի համար, և մենք կունենանք վարքի փոփոխություն։ Իրավական դատական գործընթացներում մեծ տեղաշարժեր չկան այս ամիսներին, բայց հիմնական զարգացումները պայմանավորում են COP-29 միջոցառման հետ: Թեև միջոցառումը բնապահպանական է, սակայն մարդու իրավունքների տարրը քննարկվում է»,- ասաց Սահակյանը։
Եվ հայկական կողմը, հասարակական սեկտորը, հանրային մարմինները ամենայն դիվանագիտական ջանքեր պետք է գործադրեն՝ գերիների ազատ արձակումն ապահովելու համար։ «Ես կարծում եմ, որ Ադրբեջանը որևէ կերպ, անգամ COP-29-ի կոնտեքստում, Արցախի նախկին ղեկավարության ազատ արձակման հարցը չի քննարկում, որոշակի իրատեսական հույսեր կարող ենք ունենալ 2023 թվականի ագրեսիայի հետեւանքով գերեվարվածների ազատ արձակման հետ կապված։ Բայց աշխատանքը պետք է իրականացվի, նույնիսկ եթե հենց COP-29-ի համատեքստում արդյունք չտա, պրոցեսներ կարող են շարժել և ավելի ուշ փուլում հանգեցնել դրական արդյունքի»,- շեշտեց Սահակյանը։ Նա առավել ակտիվություն է տեսնում մարդու իրավունքների հարցերով զբաղվող հասարակական կառույցների, իրավապաշտպանների կողմից։ Իսկ պաշտոնական Երևանը նման պահանջներով հանդես չի գալիս»։
Մանրամասները՝ թերթի համարում։