«Հրապարակ». Գագիկ Բեգլարյանն ու նրա ընտանիքը՝ նոր պատմության մեջ

«Հրապարակ» թերթը գրում է․ Երեւանի նախկին քաղաքապետ, կապի եւ տրանսպորտի նախկին նախարար Գագիկ Բեգլարյանի դեմ իրավապահ մարմինները շարունակում են ինտենսիվ աշխատել։ Նրա դեմ բազմաթիվ վարույթներ կան, այդ թվում` ապօրինի գույքի բռնագանձման հայցեր: Մենք տեղեկացանք, որ գլխավոր դատախազությունը Հակակոռուպցիոն քաղաքացիական դատարան Բեգլարյանի դեմ նոր հայց է ներկայացրել՝ ենթադրյալ ապօրինի ծագում ունեցող գույքի բռնագանձման պահանջով, եւ մակագրվել է դատավոր Լիլի Դրմեյանին։ Հակակոռուպցիոն դատարանից մեզ հայտնեցին, որ գործը դեռ նոր է մակագրվել կազմին, 7-օրյա ժամկետում կա՛մ վարույթ կընդունվի, կա՛մ հայցը հետ կվերադարձվի։ 

Սա Բեգլարյանների դեմ երրորդ քաղաքացիական հայցն է՝ տարբեր պահանջներով, մյուս երկուսն այժմ դատաքննության փուլում են։ Սեպտեմբերից դատավոր Նարինե Ավագյանի վարույթում քննվում է Կենտրոն եւ Նորք-Մարաշ վարչական շրջանների դատախազության հայցը՝ Գագիկ Բեգլարյանից 77 միլիոն դրամ բռնագանձելու պահանջով։ 2 տարի առաջ էլ Գլխավոր դատախազությունը մեկ այլ հայցադիմում էր ներկայացրել Գագիկ Բեգլարյանի դեմ՝ ենթադրյալ ապօրինի ծագում ունեցող գույքի բռնագանձման պահանջով։ Այս գործը եւս գտնվում է դատավոր Նարինե Ավագյանի վարույթում, դրա քննությունը դեռեւս շարունակվում է։ 

Բեգլարյանների ներկայացուցիչ Մարգարիտա Ղազարյանը մեզ ասաց՝ դեռեւս չեն ստացել նոր հայցադիմումը․ «Մենք դեռեւս հայցադիմումը չենք ստացել, չենք կարող ձեր հարցերին պատասխանել»։ Հարցին, թե պարզաբանում կամ բացատրություն չե՞ն ներկայացրել ուսումնասիրության փուլում, իր վստահորդը չի՞ ներկայացել դատախազության համապատասխան վարչություն, ներկայացուցիչն արձագանքեց․ «Դատախազությունում բացատրություն ես չեմ տվել, ինչքանով ես գիտեմ՝ շահագրգիռ անձինք եւս չեն ներկայացել, բայց այդ մասով իմ ինֆորմացիան հստակ չէ։ Հայցադիմումը քանի որ չենք ստացել, չենք կարող ասել ցանկը»։ 

Առաջին քաղհայցի վերաբերյալ փաստաբանն ասաց, որ ներկայացվել է հայցի հիմքի լրացման վերաբերյալ միջնորդություն, որը բավարարվել է․ «Մենք ներկայացրել ենք հայցադիմումի պատասխանը, եւ առաջիկա նիստում այն կներկայացվի։ Որոշ պահանջներից հրաժարվել են, այսինքն՝ հայցի առարկայի լրացում այստեղ չունենք, կա հիմքի լրացում։ Եղած գույքերից որոշներից դատախազությունն իր պահանջից հրաժարվել է։ Չեմ կարող ասել՝ այս պահին որոնցից է հրաժարվել, չեմ հիշի»։ Դա թերեւս Սահմանադրական դատարանի որոշման հիման վրա է արվել: Այդ որոշմամբ սահմանափակվել են բռնագանձման ենթակա տարիներն ու գույքի շրջանակը:

Բացի սրանցից, Գ․ Բեգլարյանն անցնում է նաեւ քրեական գործով։ Մոտ երկու շաբաթ առաջ Հակակոռուպցիոն դատարանում՝ դատավոր Վարդգես Ստեփանյանի նախագահությամբ, Բեգլարյանի եւ նրա հետ փոխկապակցված Գագիկ Գյանջումյանի եւ Գագիկ Բաղդասարյանի գործով նախնական դատալսումներն ավարտվեցին, եւ անցան հիմնական դատալսումների փուլին: Գագիկ Բեգլարյանին ներկայացված մեղադրանքը վերաբերում է պաշտոնեական դիրքի չարաշահմանը, որն առաջացրել է ծանր հետեւանքներ, ինչպես նաեւ՝ հանցավոր ճանապարհով ձեռք բերված գույքի օտարում: Բեգլարյանը մեղադրանքը չի ընդունում եւ վստահ է, որ վերջում արդարացվելու է:

Փափուկ կահույքի քիմմաքրում, Химчистка мягкой мебели

Կատարում ենք բազմոցների, բազկաթոռների, աթոռների, ներքնակների քիմմաքրման աշխատանքներ:

Օգտագործում ենք բացառապես գերմանական բարձրորակ, անվտանգ, հակաալերգիկ և արդյունավետ միջոցներ՝ հիանալի արդյունքի համար։