«Հրապարակ» թերթը գրում է․ ՀԷՑ-ի ժամանակավոր կառավարիչ Ռոմանոս Պետրոսյանը եկած օրվանից սկսել է ազատել ցանցի երկարամյա, պրոֆեսիոնալ աշխատակիցներին: Մեր տեղեկություններով՝ օրերս հերթական ազատման հրամանն է արձակվել` հեռացվել է ՀԷՑ-ի Սիսիանի տեղամասի երկարամյա պետ Ջիվանը, նրա փոխարեն նշանակվել է մոլի նիկոլական Ալիկ Մարտիրոսյանը։
Վերջինս էլ, ըստ տեղեկությունների, սկսել է աշխատանքից ազատել էլեկտրիկներին։ Ալիկ Մարտիրոսյանը մեզ հետ զրույցում ասաց, որ նշանակվել է օգոստոսի 29-ին, իսկ ինչ վերաբերում է ազատումներին, ապա․ «Ամեն մարդ իր դիմումների համաձայն է ազատվում, երկար զրուցում ենք, փորձում եմ պատճառը հասկանալ։
Երկու հոգի՝ ամուսիններ, դիմում են ներկայացրել, կնոջը նույնիսկ չենք էլ տեսել երբեք, շատ երկար խոսել եմ ամուսնու հետ, շատ լավ աշխատող է եղել ամուսինը, մարդը չի ուզում աշխատի, ի՞նչ ասեմ, ես ոչ մեկին չեմ ազատում, ով գրում է՝ իր ցանկությամբ է»։ Ինչ վերաբերում է իր նիկոլական լինելուն, ՔՊ-ին աջակցելուն, ասաց․ «Պետականամետ եմ, անկուսակցական եմ, երբեւէ որեւէ կուսակցական շարքերում չեմ եղել»։