«Հրապարակ» թերթը գրում է. Դատախազությունը պահանջում է կրկին կալանավորել քրեական հեղինակություն Ֆազի` Սերգեյ Գրիգորյանի սպանության գործով մեղադրյալներ Չաղ Ռուստամին՝ Ռուստամ Ստեփանյանին, եւ Աշոտ Կյուրեղյանին։ Արդեն վերաքննիչ բողոքներ են ներկայացրել՝ պահանջելով բեկանել Ստեփանյանի եւ Կյուրեղյանի նկատմամբ ընտրված խափանման միջոցը` տնային կալանքը, գրավը եւ չբացակայելու ստորագրությունը եւ նորից խափանման միջոց կիրառել կալանքը՝ երեք ամիս ժամկետով։ Բողոքներից մեկը մակագրվել է Վերաքննիչ քրեական դատարանի դատավոր Մխիթար Պապոյանին, մյուսը՝ դատավոր Վաչե Մարգարյանին։
Հիշեցնենք, որ Երեւանի ընդհանուր իրավասության քրեական դատարանը՝ դատավոր Մասիս Մելքոնյանի նախագահությամբ, փետրվարի 26-ին որոշում էր կայացրել Ստեփանյանի եւ Կյուրեղյանի խափանման միջոցները փոխելու մասին։ Քրեական հեղինակություն Ռուստամ Ստեփանյանի ազատ արձակումը լայն քննարկումների տեղիք տվեց, մասնավորապես, տեղեկություններ կան, որ նրա ազատ արձակումը պայմանավորված է սպասվող ընտրություններով, այսինքն՝ իշխանությունը կրիմինալի միջոցով է ուզում իշխանություն հաստատել Գյումրիում եւ Փարաքարում։
Չաղ Ռուստամի պաշտպան Գեղամ Հակոբյանը, «Հրապարակ»-ի հետ զրույցում անդրադառնալով դատախազության բողոքին, ասաց․ «Դատախազության կողմից ներկայացված բողոքը որեւէ իրական հիմք եւ փաստ չի պարունակում Ռուստամ Ստեփանյանին շարունակական կալանքի տակ պահելու առումով: Ինչպես մեղադրանքի հիմնավորումը, այնպես էլ խափանման միջոցի հիմքերի մասով վերացական եւ ընդհանրական բնույթի ենթադրական դատողություններ են, որոնք ոչ մի կերպ չեն բխում գործում առկա փաստերից: Եթե հաշվի առնենք, որ Ռուստամ Ստեփանյանը որեւէ կապ չունի այդ դեպքի հետ, սակայն անհիմն մեղադրանքով նրան շուրջ 7 ամիս զրկել են ազատությունից, ապա առանց փաստերի եւ ապացույցների կրկին նրան կալանավորելու փորձերը շինծու մեղադրանքի շարունակականության եւ ապօրինություններ գործելու նպատակի մասին են վկայում: Ձեզ տեղեկացնեմ, որ մենք նույնպես բողոքարկել ենք դատարանի որոշումը, քանի որ գտնում ենք, որ Ռուստամ Ստեփանյանի նկատմամբ թեեւ կիրառվել են այլընտրանքային համակցված այլ խափանման միջոցներ, սակայն դրանցից տնային կալանքը, ըստ էության, հավասարեցված է կալանքին, որը 7 ամիս խիստ ռեժիմի մեկուսացումից հետո որեւէ կերպ արդարացված եւ հիմնավորված չէ: Ավելի նվազ խափանման միջոցի կիրառումը լիովին բավարար կարող է լինել ցանկացած անհիմն ենթադրություն փարատելու համար, եթե հաշվի առնենք, որ Ռ. Ստեփանյանը որեւէ առնչություն չունի տվյալ դեպքի հետ, եւ դրա մասին են հստակ խոսում գործում առկա ապացույցները»:
Մանրամասը՝ թերթի այսօրվա համարում