«Հրապարակ» թերթը գրում է․ Նիկոլ Փաշինյանի սանիկ` Վեդու համայնքապետ Գարիկ Սարգսյանն արդեն ավանդույթ է դարձրել տարեվերջին իրեն պարգեւատրելը: Դեկտեմբերի 19-ի նիստում Վեդիի ավագանին հավանություն է տվել Սարգսյանին մեկ ամսվա աշխատավարձին համարժեք պարգեւատրելու առաջարկին՝ «իր պարտականությունների պատշաճ կատարման համար»։ Հետաքրքիր է, թե որ պարտականություններն է պատշաճ կատարել, գուցե Փաշինյանի հետ կեղծ պատարագներին մասնակցելու մասի՞ն է խոսքը: Ավագանու անկուսակցական անդամ, բայց քաղաքապետի գովքն անող Անժելա Մելքոնյանը, որ նաեւ բազմազավակ մայր է, մեզ հետ զրույցում ասաց՝ ավագանին է որոշել, որ քաղաքապետն իրեն պարգեւատրի. «Իրան հասնում ա, մեր գյուղի համար շատ բան ա արել, կոյուղի չկար, մանկապարտեզ չկար, Սարգսյանն ա արել: Որպես բազմազավակ` բացի «Փարոսից», մեր ընտանիքը համայնքապետարանից ամեն եռամսյակը մեկ գումար է ստանում: Իրեն հալալ ա` թող ստանա, սաղն էլ ստանում են»: Ո՞ր պարտականությունների պատշաճ կատարման համար է համայնքապետն իրեն պարգեւատրել․ հարցն ուղղեցինք ավագանու մյուս անդամներին: Ավագանու անկուսակցական անդամ Նարինե Կարապետյանը, որը համայնքապետարանին ենթակա ՀՈԱԿ-ի աշխատակից է, մեր հարցին պատասխանեց. «Չեմ կարող պատասխանել, մյուս ՀՈԱԿ-ների աշխատակիցները չգիտեմ, բայց մանկապարտեզների աշխատակիցները եւս 50%-ով պարգեւավճար ստացել են»:
Ավագանու «Իմ հզոր համայնք» խմբակցության անդամ Վահագն Վարդանյանը փաստում է՝ այդ պարգեւավճարով համայնքապետը կարող էր մանկապարտեզներն անվճար դարձնել. «Մենք մեր կարծիքն արտահայտել ենք, մեր խմբակցությունով դեմ ենք քվեարկել: Բացի իրեն պարգեւատրելուց, համայնքապետարանի աշխատակիցներն էլ պարգեւավճարներ են ստացել: Համայնքի ղեկավարը բաժնի պետերին եւ մնացած աշխատողներին է պարգեւավճար տվել, գլխավոր պաշտոններից էլ մինչեւ 2-րդ կարգի մասնագետ, աշխատակազմի քարտուղարն է 100%-ով պարգեւատրվել: Եթե երեխաները մեկ տարի անվճար մանկապարտեզ հաճախեն, ոնց որ Արտաշատ եւ Մասիս քաղաքներում արեցին, այդ ծնողական գումարներն ընդամենը 85 մլն դրամ են կազմում, չնչին տարբերություն է տալիս: Միայն համայնքապետարանի պարգեւատրման ֆոնդը կազմում է 65 մլն դրամ` ՀՈԱԿ-ը չհաշված: ՀՈԱԿ-ը միասին 85 մլն դրամ է կազմում»:




