«Հրապարակ»-ի տեղեկություններով՝ Բաքուն թույլ չի տվել «Ավրորա» մրցանակի դափնեկիր, պակիստանցի իրավապաշտպան Սայիդա Ղուլամ Ֆաթիմային՝ մասնակցել ապօրինաբար գերության մեջ պահվող Ռուբեն Վարդանյանի դատավարությանը։ Նա նման ցանկություն էր հայտնել մարտին։ Ֆաթիման ժամանել է Ադրբեջան, սակայն այնտեղ նրան հայտնել են, որ չի կարող ներկա գտնվել դատավարությանը։ Արգելքը որևէ կերպ չեն հիմնավորել, քանի որ, ինչպես ադրբեջանական կողմն է պնդում, դատավարությունն ընթանում է դռնբաց։ Ռուբեն Վարդանյանի համախոհ, «Ապրելու երկիր» կուսակցության համահիմնադիր Մանե Թանդիլյանը հաստատեց լուրը, ասաց, որ առանց հիմնավոր պատճառաբանման՝ արգելել են Ֆաթիմայի մասնակցությունը դատավարությանը։ «Մենք պետք է արձանագրենք, որ բաց դատավարության մասին տեղեկությունը լկտի սուտ է, որովհետև եթե այն դռնբաց լիներ, կկարողանային մասնակցել նաև ցանկություն հայտնած միջազգային այլ կառույցներ, դեսպանատների, հյուպատոսական ծառայություններ։ Այդպիսի փորձեր եղել են, չեմ կարող մանրամասնել, որովհետև այդ տվյալները նաեւ իրենց անվտանգությունից են ելնում։ Ադրբեջանական կողմից հետագայում այս մարդկանցից հետաքրքրվել են, թե ինչու են նման ցանկություն հայտնում, և այսպես տեռորի են ենթարկում այս մարդկանց։ Ռուբեն Վարդանյանն իր ուղերձներում հրավիրում է միջազգային կառույցներին, լրատվամիջոցներին՝ դատական նիստը լուսաբանելու։ Ակնհայտորեն, նման մասնակցություն չկա, եւ դատերը բաց լինելու մասին լուրերը բացարձակ կեղծիք են»,- ասաց նա։
Մանրամասները՝ սկզբնաղբյուրում: