«Հրապարակ» թերթը գրում է․ Հաշվի առնելով Ագրարային համալսարանում ընդունելության անմխիթար վիճակը՝ կառավարությունը որոշել է բակալավրիատի եւ մագիստրատուրայի դիմորդներին մոտիվացնելու նպատակով սահմանել 70-77 հազար դրամ կրթաթոշակ: Եվ դա էր պատճառը, որ անցած տարի ագրարայինի մագիստրատուրա էին ընդունվել նաեւ համալսարանի որոշ աշխատակիցներ՝ դոցենտ, դասախոս, ամբիոնի վարիչ, ստորաբաժանումների ղեկավարներ, ռեկտորի վարորդը եւ այլն:
Պարզվում է, որ սույն պրակտիկան աշխատակիցներին դուր է եկել եւ այս տարի էլ է շարունակվում: Մագիստրատուրա են ընդունվել բուհի վարչության պետ, բաժնի վարիչ, գործավարներ, վարչական աշխատակիցներ: Ամեն դեպքում, եթե Ժաննա Անդրեասյանի «փրկության» ծրագրերը մեր գյուղատնտեսությանը չեն օգնում, կրթաթոշակն աշխատակիցների համար կարող է լինել մի փոքր հավելավճար ցածր աշխատավարձին: