«Հրապարակ» թերթը գրում է․ Արագածոտնի նախկին մարզպետ, երբեմնի երդվյալ ՀՀԿ-ական Սարգիս Սահակյանին երեկ հարցրինք՝ ո՞նց եք տրամադրված, որ այս կիրակի էլ անհավատների խմբակը «պղծելու» է Ձեր հայրենի Թալինի եկեղեցին։ Երբեմնի ՀՀԿ-ականը, հարցից ահաբեկված, խնդրեց, որ ավելի ուշ զրուցի մեզ հետ: Իսկ հարցին՝ ինքը Հայ առաքելական եկեղեցու հետեւո՞րդ է, դրական պատասխան տվեց` ավելացնելով, որ ուրիշ ձեւ չէր կարող լինել, սակայն կտրականապես հրաժարվեց այլ հարցերի պատասխանելուց։ Մինչդեռ նախկինում Սարգիս Սահակյանն ու եղբայրը՝ «Հայդուկ» ՀԿ ղեկավար Նաիրի Սահակյանը, կարելի է ասել, թունդ ազգայնականներ էին եւ մասնակցում էին ընդդիմության ակցիաներին։ Հիշեցնենք, որ Հովհաննավանքում երկու ֆեյք պատարագից հետո Փաշինյանը հայտարարել է, որ այս կիրակի Թալինում է պատարագի մասնակցելու, որտեղի հոգեւոր հովիվ Թադե քահանան անցած կիրակի Հովհաննավանքում էր եւ իր աջակցությունն է հայտնել կարգալույծ Ստեփան Ասատրյանին։ Տեղեկություն կա, որ Թալինի համայնքապետ Տավրոս Սափեյանը համարյա արտակարգ դրություն է հայտարարել համայնքում եւ զգուշացրել` համայնքապետարանի ենթակայության հիմնարկ-ձեռնարկությունների աշխատակիցները մեկ մարդու պես պետք է ներկայանան պատարագին, ինքն անձամբ է ներկա-բացակա անելու։




