«Հրապարակ»․ Քանի այս իշխանություններին չես հեռացրել, ոչ մի բան այստեղ փոխել չես կարող

«Հրապարակ» թերթը գրում է․ Նախօրեին Ստրասբուրգում ընդունվեց ԵԽԽՎ «Վեհաժողովի մոնիտորինգի ընթացակարգի առաջընթացը» անվանմամբ բանաձեւը, որն ալեկոծել է հայաստանյան քաղաքական դաշտը։ Եվրոպացի պատվիրակների մի շարք կանխակալ ու իրականությունից հեռու գնահատականները իշխանական բնորոշումներ են տվել Հայաստանում ընթացող աղմկահարույց իրադարձությունների վերաբերյալ, անտեսել քաղբանտարկյալների առկայության փաստը եւ այլն։ Բանաձեւում, մասնավորապես ի թիվս այլնի, վեհաժողովը խոր մտահոգություն է հայտնում «Եկեղեցու մի քանի հոգեւորականների կողմից իշխանությունը բռնազավթելու ծրագրերի մասին տեղեկությունների առնչությամբ», իսկ Ադրբեջանին վերաբերող հատվածում կոչ է արվում ազատ արձակել այնտեղ պահվող բոլոր հայերին։ Կարելի է կարծել, որ Միքայել, Բագրատ, Արշակ եւ Մկրտիչ սրբազանները կալանավորված են իշխանությունը բռնազավթելու պատճառով։

ԵԽԽՎ վեհաժողովում ընդունված փաստաթղթում, այդուհանդերձ, այս կառույցը խոր մտահոգություն է հայտնել նաեւ Հայաստանի վարչապետի եւ Հայ առաքելական եկեղեցու առաջնորդի միջեւ առկա լարվածության, ինչպես նաեւ՝ Եկեղեցու մի քանի հոգեւորականների կողմից իշխանությունը զավթելու փորձի մասին հաղորդումների կապակցությամբ։ Փաստաթղթում նաեւ ափսոսանք են հայտնում Հայաստանում քաղաքական բոլոր հակառակորդների կողմից դաշտի չափազանց բեւեռացման եւ պիտակավորման կապակցությամբ։ «Վերահաստատելով, որ 2018 թվականից ի վեր մեկը մյուսին հաջորդած ընտրությունները զերծ են եղել խախտումներից՝ Վեհաժողովը միաժամանակ վերստին ընդգծում է, որ անհրաժեշտ է կիրառել կանոնակարգեր՝ պետական միջոցների չարաշահման եւ քաղաքական կուսակցությունների ֆինանսավորման ոլորտում»,- ասված է լատվիացի պատգամավոր, Լատվիայի խորհրդարանի փոխխոսնակ Զանա Կալնինա-Լուկաշեւիցայի զեկույցում։

«2026 թվականի հունիսին կայանալիք խորհրդարանական ընտրություններից առաջ Վեհաժողովը կոչ է անում Հայաստանին՝ բարելավել քաղաքական մեծամասնության եւ ընդդիմության միջեւ հարաբերությունները՝ ապահովելու, որ ընտրարշավը լինի թեմաների եւ քաղաքական ուղղվածության շուրջ եւ զերծ՝ ընտրություններին մասնակցող կողմերի միջեւ անձնական հարձակումներից։ Այս համատեքստում Վեհաժողովը հղում է կատարում Ռասիզմի եւ անհանդուրժողականության դեմ պայքարի եվրոպական հանձնաժողովի (ECRI) առաջարկությանը, ըստ որի՝ «ընտրված մարմինները եւ քաղաքական կուսակցությունները պետք է ընդունեն համապատասխան վարքագծի կանոններ, որոնք արգելում են ատելության խոսքի օգտագործումը, կոչ են անում իրենց անդամներին եւ հետեւորդներին՝ ձեռնպահ մնալ դրա կիրառման, հավանության կամ տարածման մեջ ներգրավվելուց՝ նախատեսելով պատժամիջոցներ»,- ասված է զեկույցում։ Վեհաժողովը նաեւ ի գիտություն է ընդունել Փաշինյանի մտադրությունը՝ 2026 թվականի հունիսյան խորհրդարանական ընտրություններից հետո սահմանադրական հանրաքվե կազմակերպելու վերաբերյալ։

Ուշագրավն այն է, որ բանաձեւն ընդունելուց առաջ Հայաստանի հարցով համազեկուցողներն անհիմն պատրվակով հրաժարվել են այցելել Հայաստան, իբր իտալացի համազեկուցող Պիերո Ֆասինոյի առողջական խնդիրներով պայմանավորված է այցը չեղարկվել։ Երեկ ընդդիմադիր տարբեր շրջանակներ այս խայտառակ բանաձեւի առիթով քննադատության սլաքներն ուղղել էին ոչ այնքան կեղծ դեմոկրատիայի ջատագովներին, որքան խորհրդարանական ընդդիմության կողմը՝ նրանց մեղադրելով անգործության մեջ։ Խոսքը մասնավորապես ԵԽԽՎ հայաստանյան պատվիրակության անդամ ընդդիմադիրների մասին է, որոնք պարտավոր էին աշխատանքներ տանել եվրոպացի գործընկերների հետ ու թույլ չտալ միակողմանի ինֆորմացիայի հիման վրա նման եզրահանգումների գալ։ Մինչդեռ պատվիրակության ՀՅԴ-ական ներկայացուցիչ Արմեն Ռուստամյանը երեկ մեզ Ստրասբուրգից վստահեցրեց, որ համառ եւ հետեւողական աշխատանքներ են իրականացրել, փաստարկված խոսել ինչպես սրբազանների գործերի, այնպես էլ մյուս քաղբանտարկյալների մասին։

Ռուստամյանի համար ընդունված բանաձեւն այնքան էլ անակնկալ չի եղել՝ հաշվի առնելով Արեւմուտքի՝ ՀՀ իշխանությունների նկատմամբ վերաբերմունքը, այդուհանդերձ, ընդդիմադիրները հանդիպում են պահանջել զեկույցի համահեղինակների հետ՝ որոշակի պարզաբանումներ ստանալու համար․ «Այստեղ իրենց քաղաքական դիրքորոշման հարցն է, իրենք չեն էլ անդրադառնում փաստերին։ Չկա մի նստաշրջան, որ իրենց հետ առանձին հանդիպումներ չպահանջենք եւ հիմա էլ ենք պահանջել, պիտի հանդիպենք ու կրկին ներկայացնենք իրական պատկերը: Այդ ամենը փոխանցվել է իրենց, բայց իրենք միակողմանի ինֆորմացիայով են փորձում առաջնորդվել, քաղբանտարկյալների մասին անուն առ անուն փոխանցել ենք, իրենք գիտեն, շատ լավ գիտեն, բայց չտեսնելու են տալիս, որովհետեւ Արեւմուտքն ամբողջովին աջակցում է սրան»։

Փաստը, որ զեկույցի համահեղինակներն այն գրելուց առաջ Հայաստան չայցելեցին, Ռուստամյանի գնահատմամբ, արդեն իսկ վկայում է այն մասին, որ կանխակալ զեկույց պետք է լիներ․ «Իտալացի պատվիրակի առողջական խնդիրների պատճառով ասացին, որ այց չի լինի, բայց չեղավ` չեղավ, կարող էին այցը հետաձգել, մարդը հիվանդանոցից դուրս գար, նոր գային, բայց դա էլ չարեցին, այցն ամբողջովին չեղարկեցին՝ իբր չեն ուզում ընտրությունների նախաշեմին գալ, բաներ անել, որ ազդի ընտրությունների վրա։ Բայց իրականում տեսնում ենք՝ անում են, որ ազդի ընտրությունների վրա։ Միակողմանի իրենք իրենց դիրքորոշումները փորձում են ներկայացնել որպես վերջնական ճշմարտություն»։ Եթե ընդդիմադիրների աշխատանքներն այդ կառույցում արդյունք չեն տալիս, այն պարագայում, երբ, օրինակ, Արմեն Գեւորգյանը տարին 12 ամիս գործուղումների մեջ է եւ, ասում են, լուրջ աշխատանքներ է տանում, քանի՞ կոպեկ արժե նրանց` պատվիրակությունում մնալը։ Արմեն Ռուստամյանը մեր դիտարկմանն ի պատասխան նշեց․ «Դա նույնն է, ինչ Ազգային ժողովում մնալը, այդ խնդիրը միշտ մեր առաջ կանգնելու է։ Քանի այս իշխանություններին չես հեռացրել, ոչ մի բան այստեղ փոխել չես կարող, մանավանդ որ իրենք այստեղից աջակցություն ունեն եւ լկտիանում են»։ 

Փափուկ կահույքի քիմմաքրում, Химчистка мягкой мебели

Կատարում ենք բազմոցների, բազկաթոռների, աթոռների, ներքնակների քիմմաքրման աշխատանքներ:

Օգտագործում ենք բացառապես գերմանական բարձրորակ, անվտանգ, հակաալերգիկ և արդյունավետ միջոցներ՝ հիանալի արդյունքի համար։