«Հրապարակ» թերթը գրում է․ Իջևանի զորամասի հրամանատարի տեղակալ, փոխգնդապետ Արմեն Օհանյանը Արցախում հերոսաբար զոհվել է 2020թ․ հոկտեմբերի 19-ին։
Նա ադրբեջանական գերակշիռ ուժերի հարձակման ժամանակ, թեժ կռվից հետո զինվորներին հրամայել է նահանջել, մարտն իր վրա վերցնելով։ Վիրավոր, թշնամու կողմից շրջապատված Արմենը, որպեսզի գերի չընկնի, նռնակով պաթեցրել է իրեն։
Իջևանում ասում են, որ իջևանցիները դիմել են Նիկոլ Փաշինյանին, որպեսզի Արմեն Օհանյանին հետմահու Ազգայի հերոսի կոչում շնորհվի, սակայն Փաշինյանն ասել է, որ Իջևաևի գնդի հրամանատար, գնդապետ Թաթուլ Ղազարյանը հետմահու արժանացել է հերոսի կոչման, Իջևանից երկրորդ անձի չի կարող հերոսի կոչում տալ։
Փոխգնդապետ, գնդի հրամանատարի մարտական հերթապահության գծով տեղակալ, 1971թ․ ծնված Արմեն Օհանյանն անբասիր ծառայության, մարտական գործողությունների ընթացքում ցուցաբերած բացառիկ արիության և անձնազոհության, հայրենիքին մատուցած ծառայությունների համար արժանացել է «Մարտական խաչ» 1-ին աստիճանի շքանշանի, զիվորական բազմաթիվ պարգևների։ Իջևանի պատմաերկրագիտական թանգարանում կա Արմեն Օհանյանին նվիրված անկյուն: Իջևանի զորամասի տարածքում տեղադրվել է հուշաքար` փոխգնդապետ Օհանյանի հիշատակին նվիրված:
Իջևանի Գ․ Ղարագյոզյան փողոցի բնակիչները դիմել են համայնքի ղեկավար Արթուր Ճաղարյանին՝ փողոցը 44-օրյա պատերազմում զոհված հերոս Արմեն Օհանյանի անունով անվանափոխելու խնդրանքով։ Մարտի 27-ին Իջևան համայնքի ավագանին միաձայն որոշել է հավանություն տալ Իջևանի Գ․ Ղարագյոզյան փողոցի 1-ին նրբանցքը անվանափոխել` դարձնելով Արմեն Օհանյան փողոց:





