Ես նախապես հրավիրել էի ՔՊ խմբակցության արտահերթ նիստ, որի օրակարգը Հովիկ Աղազարյանին ՔՊ խմբակցությունից հեռացնելու հարցն էր դրված: Այս մասին, այսօր՝ դեկտեմբերի 4-ին, ԱԺ-ում լրագրողների հետ զրույցում նշեց ՔՊ խմբակցության ղեկավար Հայկ Կոնջորյանը:
Նա տեղեկացրեց, որ այսօր առավոտյան Հովիկ Աղազարյանին տեղեկացրել է, որ այդպիսի նիստ է լինելու եւ հրավիրել է նրան, դրանից հետո Հովիկ Աղազարյանն ինքն է որոշել լքել խմբակցությունը:
Անդրադառնալով ՔՊ-ի հայտարարությանը, որ Հովիկ Աղազարյանը հեռացվում է կուսակցությունից՝ պետական եւ կուսակցական նշանակության կոնֆիդենցիալ տեղեկատվության արտահոսքերի համար, Կոնջորյանն ասաց. «Պարզվել է, որ Հովիկ Աղազարյանը խմբակցության նիստերից, այլ ներքին քննարկումներից, այդ թվում պետական անվտանգությանը նվիրված թեմաներով, որոնք ենթակա չէին հրապարակվելու, ինքը տարբեր դրվագներով նա եւ նման բնույթի տեղեկատվություն, եւ կուսակցական, քաղաքական ներքին տեղեկատվությունների արտահոսքեր է կազմակերպել: Դրանք պարզվել են հեռացման հիմքերից մեկը»:
Կոնջորյանը չցանկացավ օրինակներ բերել. «Այդ տեղեկատվությունների մի զգալի մասը գաղտնագրված են, հետեւաբար, իրավունք չունեմ դա հայտնելու»:
Հիշեցնենք՝, որ նախօրեին Հովիկ Աղազարյանին հեռացրել են կուսակցությունից։
ՔՊ-ից հայտնել էին, որ Հովիկ Աղազարյանը հեռացվել է «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցությունից՝ պետական և կուսակցական նշանակության կոնֆիդենցիալ տեղեկատվության արտահոսքերի, ինչպես նաև հանրության բարոյական նորմերի կոպիտ խախտումների պատճառով։
Իսկ արդեն այսօր առավոտյան Հովիկ Աղազարյանը հայտարարեց, որ դուրս է գալիս նաեւ ՔՊ խմբակցությունից: