«Հովիկ Աղազարյանի հեռախոսն իմ սեղանին չի հայտնվել, և չէր էլ կարող»։ Այս մասին այսօր՝ դեկտոմբերի 4-ին կառավարության հարցապատասխանի ժամանակ հայտարարեց Նիկոլ Փաշինյանը՝ պատասխանելով Հայաստան» խմբակցության պատգամավոր Ագնեսա Խամոյանի հարցին՝ թե ինչպե՞ս է Հովիկ Աղազարյանի հեռախոսը հայտնվել Նիկոլ Փաշինյանի մոտ, և ի՞նչ իրավունքով է վերջինս հեռախոսի պարունակությամբ կիսվել իր թիմակիցների հետ։
«Քրեական գործի շրջանակներում հեռախոսն առգրավվել է անկախ մարմնի կողմից, և անկախ մարմինն օրենքով սահմանված կարգով համապատասխան բոլոր ընթացակարգերն ու թույլտվությունն ունենալով ՝ բոլորովին ուրիշ գործով քննչական հանձնարարական է տվել մեկ այլ մարմնի, որն այդքան էլ անկախ չէ։ Երբ այդ մարմինը քննչական հանձնարարականը կատարելու ընթացքում հանդիպել է տեղեկությունների, որոնք իրենց մեջ պարունակում են պետական անվտանգության սպառնալիքներ՝ այդ թվում հակահետախուզական սպառնալիքներ, այդ պարագայում այդ մարմինը պարտավոր էր իր գործողությունների շրջանում կատարել աշխատանք և զեկուցել իր վերադասին՝ տվյալ դեպքում Հայաստանի վարչապետին։ Վարչապետն էլ այդ տեղեկությամբ ում հետ կիսվել է, կիսվել է օրենքին համապատասխան։ Ես խորհրդակցել եմ բոլոր մարմինների հետ, ովքեր իրավասու են գնահատական տալ իրավիճակին, և ես ասում եմ՝ այո՛, «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցությունը որոշում է կայացրել Հովիկ Աղազարյանին հեռացնել իր շարքերից՝ այդ թվում հանրային բարոյականության ստանդարտները ոտնահարելու պատճառով»,–հայտարարեց Նիկոլ Փաշինյանը։