Դատախազությունը հաղորդագրություն է տարածել, որը վերնագրված է. «Դատազախությունը պահանջում է ՀՀ նախկին վարչապետ Հովիկ Աբրահամյանի եղբորից և երկու փեսաներից բռնագանձել 2 տասնյակը գերազանցող անշարժ գույքեր, 1 միլիարդ դրամը գերազանցող գումար»:
Հաղորդվում է այն մասին, որ հայց են ներկայացրել Հակակոռուպցիոն դատարան` ապօրինի ծագում ունեցող գույքի բռնագանձման վերաբերյալ պահանջով, որը «վերաբերում է ՀՀ նախկին վարչապետ, ՀՀ Ազգային ժողովի նախկին նախագահ Հովիկ Աբրահամյանի եղբորը և երկու փեսաներին»:
Եւ թվարկվում է բռնագանձման ենթակա գույքը: Որ պահանջում եք` լավ եք անում, բայց ինչու եք հենց վերնագրում շեշտում Հովիկ Աբրահամյանի անունը: Նրա եղբայրը չափահաս մարդ է, ինքնուրույն սուբյեկտ է, նախկինում բարձր պաշտոնյա է եղել` ՀՀ ԱԺ պատգամավոր է եղել: Հովիկ Աբրահամյանի անունը շեշտելու իմաստը որն է: Որ գրվեր` «ՀՀ Ազգային ժողովի նախկին պատգամավոր Հենրիկ Արգամի Աբրահամյանից» այս ենք պահանջում էլի կհասկացվեր, որ խոսքը Հովիկ Աբրահամյանի եղբոր մասին է:
Նախկինների թեման թեժ պահող իշխանությունը ոչ մի բանի առաջ կանգ չի առնում` վերարտադրվելու համար: Եւ այդ նպատակով նաեւ մի ամբողջ դատախազություն է վարկաբեկել, դարձրել քաղաքական պայքարի գործիք: Ու այս մարդիկ ուրիշներին գիշեր-ցերեկ մեղադրում են, թե` ընտանիք մի մտեք, մեկի եղբոր, մյուսի` մոր, երրորդի` կնոջ ու աներձագի մասին մի գրեք, այդ բոլոր մարդիկ ինքնուրույն մարդիկ են` կարող են պաշտոն զբաղեցնել, տենդերներ շահել, հասարակական կարգ խախտել ու հանցանքներ կատարել, ի՞նչ կապ ունի, որ նրանք բարձրաստիճան պաշտոնյաների հարազատներն են:
«Հրապարակ »





