Հովակիմ եպիսկոպոս Մանուկյանը և քրիստոնյա առաջնորդները կոչ են արել Մեծ Բրիտանիային քայլեր ձեռնարկել Ադրբեջանում պահվող հայերի ազատ արձակման համար

Հայ Առաքելական եկեղեցու Մեծ Բրիտանիայի թեմի առաջնորդ Տեր Հովակիմ Եպիսկոպոս Մանուկյանն ու քրիստոնյա առաջնորդները նամակով դիմել են Մեծ Բրիտանիայի վարչապետին՝ կոչ անելով ՄԹ կառավարությանը քայլեր ձեռնարկել Ադրբեջանում պահվող հայ գերիների ազատ արձակման համար:

«Մեծարգո վարչապետ և Գանձապետարանի առաջին Լորդ՝ Պարոն Քիր Սթարմեր

Խնդրում եմ ընդունեք իմ՝ Միացյալ Թագավորությունում Հայոց Եկեղեցու Առաջնորդիս, երախտագիտությունը, այս անորոշ ժամանակներում Եվրոպայում կայուն խաղաղության հաստատմանն ուղղված ձեր աննկուն ջանքերի համար: Մեր աղոթքներն ուղղված են Ձեզ և բոլոր նրանց, ովքեր անխոնջաբար աշխատում են վերջ տալ պատերազմին:

Ես, իմ հոգևոր եղբայրները, դիմում ենք Ձեզ հատկապես արտահայտելու մեր խորին մտահոգությունը հայ ժողովրդի նկատմամբ շարունակվող՝ Մարդու իրավունքների խախտումների վերաբերյալ, մասնավորապես՝ ալիևյան ռեժիմի կողմից Ադրբեջանում քսաներեք հայերի անազատության մեջ ապօրինի պահելու կապակցությամբ:

Արցախից (Լեռնային Ղարաբաղ) 120 000 հայերի բռնի տեղահանումից հետո, 2023թ-ին Ադրբեջանը կամայականորեն ձերբակալել, կալանքի տակ է առել և շինծու հիմքերով մեղադրանքներ է առաջադրել Արցախ կառավարություն քսաներեք պաշտոնյաների և ռազմագերիների, ինչպես նաև քաղաքացիական անձանց նկատմամբ: Այս անձինք, արդար դատավարության բոլոր հիմնական սկզբունքների խախտմամբ, այժմ դատաքննության են ենթարկվում: Նրանք զրկված են իրենց ընտրությամբ իրավական ներկայացուցչությունից, իսկ փաստաբաններին, օտարերկրյա դիտորդներին և լրագրողներին արգելվում է մուտք գործել դատարանի դահլիճ կամ, նույնիսկ, երկիր։ Կալանավորները ենթարկվել են և շարունակում են ենթարկվել դաժան վերաբերմունքի:

Նրանց կալանքի տակ պահելը և ներկայիս ընթացող դատավարությունը Մարդու միջազգային իրավունքների և Միջազգային մարդասիրական իրավունքի ակնհայտ և կոպտագույն խախտում է հանդիսանում: Անմարդկային և ստորացուցիչ պայմաններում նրանց բանտարկությունը Բաքվում խստորեն դատապարտվել է բազմաթիվ միջազգային իրավապաշտպան կազմակերպությունների կողմից: Անդրադառնալով Ադրբեջանում կամայականորեն ձերբակալված բոլոր անձանց, այդ թվում՝ հայերին, ՄԱԿ-ի Մարդու իրավունքների գերագույն հանձնակատար՝ Պրն Ֆոլկեր Տյուրկը հայտարարել է. «Նրանք պետք է անմիջապես ազատ արձակվեն և պետք է լիովին հարգվեն արդար դատավարության նրանց իրավունքները»։(4-ը մարտի, 2025թ.):

Ադրբեջանի՝ շարունակաբար ճնշումները թափանցիկություն և մարդասիրական օգնության վրա վերջերս արտահայտվեց ինչպես երկրում BBC-ի գործունեության դադարեցմամբ՝ լռեցնելով անկախ լրատվության ձայնը, այնպես էլ երկրից Կարմիր Խաչի միջազգային կոմիտեի (ԿԽՄԿ) վտարմամբ՝ միակ կազմակերպության, որը կալանավորներին մարդասիրական օգնություն էր տրամադրում և հանդիսանում էր նրանց միակ փրկօղակը: Այսպիսով, կալանավորները լիովին մեկուսացված են և մեծանում են նրանց նկատմամբ վերաբերմունքի և բարեկեցության հետ կապված լուրջ մտահոգությունները: Նրանց առողջության վատթարացման նշանները գնալով ավելի ակնհայտ են դառնում: Թերևս ամենահայտնի կալանավորը՝ Արցախի նախկին պետնախարար Ռուբեն Վարդանյանը, արդեն երկու շաբաթ է, ինչ գտնվում է հացադուլի մեջ՝ ի նշան բողոքի:

Միացյալ Թագավորությունը եղել է Մարդու իրավունքների և օրենքի գերակայության ջատագովը, և այդ է պատճառը, որ ես դիմում եմ Ձեզ՝ վարչապետին, և խնդրում եմ վճռական քայլեր ձեռնարկել և կոչ անել անհապաղ ազատ արձակել բանտարկյալներին: Ես և Միացյալ Թագավորության և Իռլանդիայի հայ համայնքը, որը ես ներկայացնում եմ, խնդրում ենք Ձեզ պահանջել Ադրբեջանից՝ պահպանել իր միջազգային պարտավորությունները։ Ավելի գլոբալ առումով, մենք կոչ ենք անում Ձեր կառավարությանը՝ եվրոպական այլ գործընկերների հետ միասին, միջկառավարական հարթակների միջոցով լուծել այս հրատապ խնդիրը:

Միացյալ Թագավորության ամուր դիրքորոշումը և հզոր ուղերձը, որ մարդու իրավունքների խախտումները չեն հանդուրժվի, կօգնի ապահովել արդարության գերակայությունը։ Պ-ն վարչապետ, մենք խդրում ենք հանդես գալ հանուն Բաքվում՝ Ադրբեջանում ապօրինի և անարդարացիորեն ազատազրկվածների իրավունքների պաշտպանության, և օգնել ապահովելու, որ նրանցից յուրաքանչյուրը և բոլորն ապահով կերպով վերադարձվեն Հայաստան՝ իրենց տներն ու ընտանիքները: Ես հուսով եմ, որ մեր ամենանվիրական և հրատապ կոչը լսելի կլինի և հաշվի կառնվի:

Իմ կողմից ցանկացած այլ տեղեկատվություն տրամադրելու կամ ցանկացած այլ ճանապարհով օգտակար լինելու կարիքի դեպքում, ես ուրախ կլինեի անվերապահորեն դա անել»,- նշված է նամակի մեջ:

Նամակի տակ ստորագրել են

Եպիսկոպոս Հովակիմ Մանուկյան՝ Միացյալ Թագավորությունում և Իռլանդիայում Հայ եկեղեցու թեմ
Արքեպիսկոպոս Անգաելոս՝ Լոնդոնի Ղպտի Ուղղափառ եկեղեցու արքեպիսկոպոս և Միացյալ Թագավորությունում Պապական Լեգատ
Մետրոպոլիտան Նիկիտաս՝ Թյաթեյրայի և Մեծ Բրիտանիայի արքեպիսկոպոս, Հույն Ուղղափառ Եկեղեցի, Տիեզերական Պատրիարքություն
Գերապատիվ Ջեյմս Կարրի՝ Վեստմինսթերի օժանդակ եպիսկոպոս, Կաթոլիկ Եկեղեցի
Արքեպիսկոպոս Աթանասիուս Թոմա՝ Մեծ Բրիտանիայում Ասորի Ուղղափառ եկեղեցու արքեպիսկոպոս
Գերապատիվ Քրիստոֆեր Չեսուն՝ Սադոքի եպիսկոպոս, Անգլիկան Եկեղեցի
Գերապատիվ Նիկոլաս Բեյնս՝ Լիդսի Եպիսկոպոս, Անգլիկան Եկեղեցի
Գերապատիվ Տեր Ֆիլիպ Մունստեֆեն՝ Վինչեսթերի եպիսկոպոս, Անգլիկան Եկեղեցի
Եպիսկոպոս Մայք Ռոյալ՝ Գլխավոր քարտուղար, Եկեղեցիները Միասին՝ Անգլիայում