Այսօր՝ մայիսի 13–ին հոսանքահարումից մահացած զինծառայող Կարեն Ավետիսյանը Վարդենուտ գյուղից էր։ Վարդենուտ բնակավայրի վարչական շրջանի ղեկավար Կամո Սահակյանը NEWS.am–ի հետ զրույցում նշեց. «Այո, մեր գյուղացի է։ Ամռանը նոր մի տարին կլրանար, որ զորակոչվել է։ Մի քույր ունի, եղբայր չունի։ Ծնողները գյուղական աշխատանքներով են զբաղվում։
Դաժան բան է եղել։ Շատ լավ երեխա էր»։
Գյուղապետն ասաց, որ տղան դժգոհ չէր ծառայությունից, կապի մեջ էր ծնողների հետ. «Ինձ զանգեցին, կանչեցին զինկոմիսարիատ, դրանից հետո միասին եկանք իրենց տուն»,–ասաց նա։
Հիշեցնենք՝ այսօր՝ մայիսի 13-ին՝ ժամը 10։30-ի սահմաններում, դեռևս չպարզված հանգամանքներում հոսանքահարման հետևանքով մահացել է ՀՀ ՊՆ N զորամասի զինծառայող Կարեն Էդգարի Ավետիսյանը։ Դեպքի հանգամանքներն ամբողջովին պարզելու նպատակով ընթանում է քննություն։