«Լուսավոր Հայաստան» կուսակցության նախագահ Էդմոն Մարուքյանն Ազգային ժողովում է։
Պատգամավորներ Հովիկ Աղազարյանի ու Հակոբ Ասլանյանի նախաձեռնությամբ այսօր ԱԺ-ում կներկայացվի ՀՀ վարչապետին անվստահություն հայտնելու ԱԺ որոշման նախագիծ, ըստ որի, Մարուքյանն առաջադրվում է որպես վարչապետի թեկնածու։
Լրագրողների հետ զրույցում Մարուքյանն ասաց, որ Նիկոլ Փաշինյանի կառավարությունն արդեն երկար ժամանակ շեղվել է ինքն իր ծրագրից, որը անվստահության հիմք է:
Մարուքյանը հիշեցրեց, որ «Արթուն ենք» նախաձեռնության համահիմնադիրներ Նարեկ Մալյանը և Էդգար Ղազարյանը դիմել են պատգամավորներին և ասել, որ իմպիչմենտ նախաձեռնեն և նրանք էլ նախաձեռնել են։
Դիտարկմանը՝ Ղազարյանն ասել է, որ Մարուքյանը վստահություն չի ներշնչում, վարչապետի թեկնածուն պատասխանեց. «Հիմա իրենք ուզում են պրոցեսը վիժեցնե՞լ, ի՞նչ է նշանակում ինքը վստահություն չի ներշնչում։ Դրանից հետո էլ որևէ պատրվակով խոսակցություն շարունակելը նշանակում է Կիրովականի ասած՝ «տինտիրիդներ» անել։ Հո մանկապարտե՞զ չի, չհասկացա, լուրջ մարդիկ ենք, բաներ ենք խոսում»։
Նա հույս հայտնեց, որ «Պատիվ ունեմ» խմբակցությունը, ինչպես նախապես հայտնել է՝ առանց նախապայմանների կմիանա իրենց. «Սպասում ենք Հակոբ Ասլանյանի կաբինետում։ Բերեք, ձայները տվեք, թե չէ ստացվում է՝ եթե Սերժ Սարգսյանի թեկնածուն չի, ուրեմն չեն միանում, թող կոնկրետ ասեն»։
Մարուքյանը նշեց, որ իր թիվ մեկ նպատակն է՝ իմպիչմենտը տեղ հասցվի՝ հավատարիմ մնալով իրենց նախաձեռնած պրոցեսին՝ պաշտոնանկելու Նիկոլ Փաշինյանին։