«Գանձաքար-Իծաքար ճանապարհի վրա՝ Հախումի կամուրջը, որը պատմամշակութային արժեք է, և մենք որոշեցինք, որ զուգահեռ կկառուցենք մետաղյա կամուրջ և պատմամշակութային հուշարձանին տրանսպորտային դերից կազատենք, կվերապահենք բացառապես պատմամշակութային նշանակություն»,- այս մասին այսօր կառավարության նիստում հայտարարեց ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը։
«Սա նշանակում է, որ մենք կլուսավորենք, հարթակ կստեղծենք, որպեսզի մարդիկ, ովքեր ուզում են լուսանկարվեն, և պատմամշակութային արժեքը այդպես կծառայի նաև զբոսաշրջային հոսքերի համար։
Քանի որ նորանշանակ մարզպետ ունենք, և աչքս վախեցած է այն առումով, որ ես այս խնդիրը հինգ տարի է չեմ կարողանում լուծել, ես նրան հիշեցրել եմ, որ Ստեփանավան–Օձուն ճանապարհի վրա նույնպես կա պատմական կամուրջ, և ես հանձնարարական եմ տվել, որ դա լուսավորվի, ավելորդ բուսական տարածքներից ազատվի, որպեսզի ճանապարհից տեսանելի լինի։
Քանի որ Երևանում Կարմիր կամուրջի բացումից շատ ոգևորվեցինք, հիմա մենք «կամուրջ–mood»- ի մեջ ենք, հիշում ենք՝ էլ որտեղ կամուրջ կա, որը կարելի է վերականգնել, լուսավորել։
Վայոց ձորի մարզպետի հետ էլ եմ այդ թեմայով խոսակցություն ունեցել, չնայած ես լավ չհասկացա, այնուամենայնիվ այդ կամուրջը մայրուղուց կերևա՞, թե՞ չի երևա։ Եթե կերևա, այդտեղ էլ երևի տեսադաշտ բացենք, լուսավորենք։ Էլի պատմական կամուրջ է, որտեղ հին կամուրջ ռեստորան կա, որը կամուրջի դիմացն է, Արփա գետի վրա։ Էլի շատ գեղեցիկ կամուրջ է և լուսավորությունը կլինի։
Մենք Երևանում էլ ենք կամուրջներ գտել, էլի պատմական, և հիմա պարզվել է՝ մասնավոր տարածքում էր։ Հիմա գերակա շահով փորձենք վերադարձնել համայնքին կամ պատմամշակութային արժեքը, և այնտեղ էլ վերականգնման աշխատանքներ իրականացնենք»,- հավելեց Փաշինյանը։




