Ասուլիսի ժամանակ անդրադառնալով շատրվանների երաժշտության հետ կապված քննադատությանը՝ Գյումրու քաղաքապետ Վարդան Ղուկասյանն ասել է. «Բայց ինչի՞ են ինձ ուղղում, քաղաքապետն ի՞նչ գործ ունի դրա հետ… Հավանական է՝ գիտեին, որ իմ 100 օրն է, ասուլիս պիտի տամ… Պատկերացրեք դիտավորյալ արեցին, հիմա հաքերները ինչ ասես՝ կարող են անել, վաղն էլ կարան ադրբեջանական դնեն»:
Ավելի վաղ Գյումրու համայնքապետարանը պարզաբանում էր ներկայացրել․
«Համացանցում տարածված տեսանյութի հետ կապված, որտեղ Գյումրու կենտրոնում գործող շատրվանները «պարում» էին ռուսական՝ «Դոլյա Վորովսկայա»-ի երգի տակ, Գյումրու քաղաքապետարանը պարզաբանում է, որ տեղի ունեցածը տեխնիկական խոտանի հետևանք է։
Մասնագետին չի հաջողվել վերահսկել հնչող երաժշտությունը՝ համակարգում առաջացած տեխնիկական խնդիրների պատճառով։ Ձեռնարկված միջոցառումների արդյունքում հնարավոր է եղել շտկել առաջացած խնդիրը, իսկ շահագործումը ապահովող պատասխանատուի նկատմամբ` համապատասխան բացատրագիր ստանալուց հետո, անհրաժեշտության դեպքում կկիրառվի կարգապահական տույժի միջոց։
Հայցում ենք ներողություն գյումրեցիներից՝ առաջացած անհարմարության համար»։