ԼՀԿ ղեկավար Էդմոն Մարուքյանի թելեգրամյան գրառումը․ «Հետևում էի «Հայաստան» դաշինքի պատգամավոր և Սիսիանի նախկին քաղաքապետ Արթուր Սարգսյանի ելույթին Ազգային ժողովում։
Սարգսյանը հայտարարեց, որ վստահ է՝ իրեն կալանավորելու որոշումն արդեն կա, ուստի անիմաստ է համարում ԱԺ-ում մնալը և որոշել է «թանկ ժամանակը» անցկացնել կնոջ և չորս անչափահաս երեխաների հետ՝ գնալ եկեղեցի մոմ վառելու, հետո էլ ներկայանալ Քննչական կոմիտե։
Գնալու պահին սկսվեց քաշքշուկ, իսկ ավելի ուշ պարզվեց, որ պատգամավորների ինչ-որ դռբով օգնականներ են մտել ԱԺ նիստերի դահլիճ, և իմ ընկալմամբ այնտեղ իրականացվում էր պատժիչ միջոցառում։
Երբ ՔՊ-ն գլխավոր դատախազին ուղարկում է ԱԺ՝ պատգամավորներին կալանավորելու համար, դա դեռ գործընթացի սկիզբն է, իսկ վերջում պետք է լինի դատարանի վճիռը։
Մինչև այդ պահը պետք է գործի անմեղության կանխավարկածը և ամեն ինչ միայն օրենքի շրջանակներում պետք է արվի:
Գուցե ոմանք մոռացել են, բայց ըստ Սահմանադրության՝ Հայաստանի Հանրապետությունում արդարադատությունը իրականացնում են դատարանները, և ոչ թե պատգամավորները կամ նրանց օգնականները՝ իրենց բռունցքներով։
Իշխանություններն, ըստ էության, ամեն ինչ խառնել են իրար․ ուզում են թե՛ իրենց ձեռքով պատժել ու ծեծել իրենց քաղաքական ընդդիմախոսներին, թե՛ նույնը անել՝ օգտագործելով ողջ իրավապահ և դատաիրավական համակարգը։ Եվ այդ ամենով հանդերձ դեռ չեն հանդարտվում ու չեն բավարարվում՝ բռնության մշակույթը արմատավորում են քաղաքականության մեջ»։