2020թ․ նոյեմբերի 9-ի եռակողմ հայտարարությամբ, ՀՀ տարածքով անցնող կոմունիկացիաների անվտանգությունն ապահովելու գործառույթը վերապահված է Հայաստանի Հանրապետությանը: Այս մասին հայտարարել է Նիկոլ Փաշինյանը՝ պատասխանելով ԱԺ Ամառային դպրոցի ունկնդրի հարցին:
«Վերջին շրջանում ակտիվացել են քննարկումները տարածաշրջանային կոմունիկացիաների մասին, կան նաեւ այդ քննարկումներում որոշ տարընթերցումներ: Էս վերջերս ՌԴ բարձրաստիճան պաշտոնյան հայտարարեց, թե նոյեմբերի 9-ի եռակողմ հայտարարության մեջ գրված է, որ Ադրբեջանի հիմնական հատվածի եւ Նախիջեւանի միջեւ տրանսպորտային հաղորդակցությունների անվտանգությունը ՌԴ անվտանգային դաշնային ծառայության սահմանապահ զորքերի ուժերով: Ես ուզում եմ ասել, որ Նոյեմբերի 9-ի եռակողմ հայտարարության մեջ նման բան չկա գրված: Դա պարզ տեքստ է, հրապարակային, կարելի է բացել եւ կարդալ: Այնտեղ հակառակը, գրված է, որ ՀՀ-ն է ապահովում, երաշխավորում անվտանգությունը հաղորդակցության»,-ասաց Փաշինյանը:
Նա նաեւ հավելեց, որ Նոյեմբերի 9-ի հայտարարության 9-րդ կետը տարածաշրջանային բոլոր կոմունիկացիաները բացելու մասին է. «Էստեղ կոնտեքստից կտրված մեկնաբանությունները ոչ միայն օգուտ չեն տալիս, այլեւ վնասակար են եւ ՀՀ կառավարությունը հրապարակային եւ պաշտոնապես ներկայացրել է Խաղաղության խաչմերուկ նախագիծը եւ եթե որեւէ մեկը դեմ է այդ նախագծին, պետք ա բացատրի, թե ինչու է դեմ»:
Նշենք, որ 2020 թվականի Նոյեմբերի 9-ի համաձայնագրի 9-րդ կետում մասնավորապես նշվում է. «Ապաշրջափակվում են տարածաշրջանում բոլոր տնտեսական եւ տրանսպորտային կապերը: Հայաստանի Հանրապետությունն ապահովում է տրանսպորտային հաղորդակցությունը Ադրբեջանի արեւմտյան շրջանների եւ Նախիջեւանի ինքնավար հանրապետության միջեւ՝ երկու ուղղություններով քաղաքացիների, տրանսպորտային միջոցների եւ ապրանքների անխոչընդոտ տեղաշարժը կազմակերպելու նպատակով: Տրանսպորտային երթեւեկության հսկողությունն իրականացնում են ՌԴ Անվտանգության դաշնային ծառայության Սահմանապահ ծառայության մարմինները»: