«Հայաստանում «պատերազմի կուսակցություն» չկա։ Իլհամ Ալիևի ագրեսիվ հռետորաբանությանը հակազդելը, որը Հայաստանի ինքնիշխան տարածքները անվանում է «Արևմտյան Ադրբեջան», անշուշտ, պատերազմի ցանկություն չէ»,- այս մասին նշվում է ՀՀ ԱԺ պատվիրակության անդամ, «Հայաստան» խմբակցության պատգամավոր Արմեն Գևորգյանի ելույթում։
Արմեն Գևորգյանի ելույթի տեքստն ամբողջությամբ:
«Հայաստանը մտնում է չափազանց դժվար ընտրական քաղաքական շրջան։ Քաղաքական պայքարը միտումնավոր նեղացվում է մանիպուլյատիվ այլընտրանքների, ինչպիսիք են՝ «խաղաղություն կամ պատերազմ», «Ռուսաստան կամ Արևմուտք» և այլն։ Այս նարատիվները կեղծ են։
Հայաստանում «պատերազմի կուսակցություն» չկա։ Քաղաքացիական և քաղաքական ուժեր պիտակավորվում են որպես այդպիսին այն պատճառով, որ անհարմար հարցեր են բարձրացնում՝ Բաքվում պահվող հայ գերիների ճակատագրի, Արցախում մշակութային և կրոնական ժառանգության պաշտպանության, տեղահանված անձանց իրավունքների և Հայաստանի ինքնիշխան տարածքների օկուպացիայի վերաբերյալ։ «Որտե՞ղ են Վաշինգտոնի համաձայնագրերի իրականացման իրական և միջազգային երաշխիքները» հարցը խաղաղության վրա հարձակում չէ։ Իլհամ Ալիևի ագրեսիվ հռետորաբանությանը հակազդելը, որը Հայաստանի ինքնիշխան տարածքները անվանում է «Արևմտյան Ադրբեջան», անշուշտ, պատերազմի ցանկություն չէ։
Ես անկեղծորեն հույս ունեմ, որ այս կազմակերպությունում բոլոր այս խնդիրներն ու մարտահրավերները ընկալվում են միայն մարդու իրավունքների և օրենքի գերակայության համատեքստում, այլ ոչ թե ներքին քաղաքական շահարկումների։
Հարգելի՛ գործընկերներ,
«Խաղաղություն կամ պատերազմ» այլընտրանքն ակտիվորեն շահարկվում է նաև Ուկրաինայում պատերազմի հետ կապված։ Հայերի համար ցանկացած պատերազմ անընդունելի է։ Իրականում Հայաստանը չի կարող ազդել ուկրաինական պատերազմի ելքի վրա: Բայց Հայաստանը կարող է որոշել թույլ չտալ, որ այդ կրակը տարածվի դեպի մեր սեփական տուն: Հայերն այսօր պատրաստ են կոչ անել կողմերին գնալ նույնպիսի «դժվար, բայց անհրաժեշտ փոխզիջումների», որոնք պահանջվել էին Հայաստանից Լեռնային Ղարաբաղում 44-օրյա պատերազմի ժամանակ և դրանից հետո։
Այսօր դժվար է դիրքորոշում ունենալ, երբ ԱՄՆ-ի և Եվրոպայի մոտեցումների միջև տարբերությունները Ուկրաինայում պատերազմի նկատմամբ ավելի ու ավելի ակնհայտ են դառնում: Եվ հիմա, առանց որևէ հեգնանքի, կարող եմ ենթադրել, որ Գրենլանդիայի շուրջ ստեղծված իրավիճակը կարող է հանգեցնել Հայաստանի համար ևս մեկ հարկադրված ընտրության՝ «ԱՄՆ կամ Եվրոպա», իսկ Եվրոպայի համար՝ «ԱՄՆ կամ Արևելք»։
Հարգելի՛ գործընկերներ,
Հայաստանի համար կենսականորեն կարևոր է Իրանը որպես կայուն և անձեռնմխելի հարևան ունենալը, ոչ թե ևս մեկ Լիբիա կամ Սիրիա մեր անմիջական սահմաններին: Ցանկացած այլ մոտեցում բոլոր հարևան երկրների համար լուրջ ռիսկեր է ստեղծում տարածքային ամբողջականության և ներքին կայունության առումով և կարող է դառնալ նոր տարածաշրջանային պատերազմի հրահրիչ: Ահա թե ինչու, այստեղ նույնպես, մենք կողմ ենք խաղաղությանը երկխոսության և դիվանագիտության միջոցով։
Հայ ժողովուրդը չափազանց բարձր գին է վճարել «խաղաղության» համար, որն օգտագործվում է որպես շահերի առաջխաղացման գործիք: Հայաստանը չի կարող գոյություն ունենալ պարտադրված ընտրությունների պայմաններում և պետք է ունենա հավասարակշռության և պրագմատիկ որոշումների հնարավորություն: Կարևոր է նաև, որ Եվրոպայի խորհուրդը Հայաստանից ակնկալի համերաշխություն արժեքների, այլ ոչ թե շահերի շուրջ»:




