ԱԺ պատգամավոր Գառնիկ Դանիելյանն իր ֆեյսբուքյան էջում գրել է.
«Վերջին շրջանում ՀՀ տարածքի գազալցակայաններում սրընթաց աճում է հեղուկ գազի արժեքը՝ հասնելով 180-200 դրամի։
Դեռևս երկու շաբաթ առաջ ահազանգել էի, որ անհասկանալի պատճառաբանություններով խոչընդոտվում է վրացական անցակետում Ռուսաստանից հեղուկ գազ ներկրող հարյուրավոր բեռնատարների մուտքը Հայաստան։
Ընդգծել էի, որ ստեղծված իրավիճակում հայկական կողմը պետք է անհապաղ քայլեր ձեռնարկի՝ պարզելու, թե ինչով է պայմանավորված Վրաստանի մաքսային ծառայությունների նման պահվածքը։ Տեղեկություններ ենք ստանում նաև, որ ՀՀ մուտքը թույլատրելու համար հայ վարորդներից կաշառք են պահանջում։
Այս իրավիճակից օգտվում են տեղական տնտեսվարողները՝ փորձելով ստանալ գերշահույթ։
Մինչ Մրցակցության պաշտպանության հանձնաժողովից հայտնում են, որ ուսումնասիրում են հեղուկ գազի շուկայում տեղի ունեցող գործընթացները, իսկ Էկոնոմիկայի նախարարը ժամանակ առ ժամանակ ֆեյսբուքյան էջում ծանուցում է, որ մի քանի տասնյակ հեղուկ գազ տեղափոխող բեռնատար հատել է սահմանը, ՀՀ-ում հեղուկ գազի արժեքը նախորդ ամիսների համեմատ արձանագրում է շուրջ 80% աճ։
Ստացվում է, որ հերթական անգամ պատկան մարմինների անգործության հետևանքով ահռելի ֆինանսական վնասներ են կրում հեղուկ գազ ներմուծողներն ու մեր քաղաքացիները, որոնք այս օրերին ստիպված են մեկ լիտր հեղուկ գազի համար վճարել 200 դրամ, այն դեպքում, երբ ամիսներ առաջ ձեռք էին բերում 120 դրամով։
ՄՊՀ-ն ևս իր լիազորությունների շրջանակներում պետք է գործուն քայլեր ձեռնարկի խնդիրը լուծելու ուղղությամբ։ Եթե այս գործընթացներն ուղեկցվում են ապօրինություններով կամ կան ոչ բարեխիղճ տնտեսվարողներ, նրանք պետք է լինեն հանձնաժողովի ուշադրության կենտրոնում։
Ակնհայտ է, որ խնդիրն ունի նաև քաղաքական ենթատեքստ, ինչն էլ հետևանքն է այս իշխանությունների ոչ կոմպետենտ, ապաշնորհ կառավարման։
Այսպիսի անգործության պայմաններում առաջիկա օրերին ականատեսը կլինենք հեղուկ գազի արժեքի հերթական թանկացմանը»։