Նկատելի է, որ հայաստանյան ԶԼՄ-ներում որոշակի շփոթ կա տարածաշրջանի տրանսպորտային կապուղիների ապաշրջափակման թեմայով ՀՀ դիրքորոշումների վերաբերյալ, եւ լրատվամիջոցները հակասություններ են տեսնում հայաստանյան պաշտոնյաների հայտարարություններում, գրել է վարչապետի մամուլի խոսնակ Նազելի Բաղդասարյանը։
«Սա ինչ-որ տեղ հասկանալի է, որովհետեւ թեման բազմաթիվ նրբություններ ունի, որոնք երբեմն ավելի են բարդանում որոշակի տերմիններով զուգորդվելու դեպքում՝ վարձակալություն, լիզինգ, կառուցապատման իրավունք, արտապատվիրակում։ Տերմիններից յուրաքանչյուրն, անշուշտ, կարող է տարբեր իմաստ ունենալ՝ կապված այն բանի հետ, թե կոնկրետ ինչին է վերաբերում։
Զանգվածային լրատվամիջոցների հարգելի ներկայացուցիների համար խնդիրը թեթեւացնելու նպատակով ուզում եմ եւս մեկ անգամ ընդգծել, որ Հայաստանի Հանրապետությունը երբեք չի քննարկել, չի քննարկում եւ չի քննարկելու սեփական տարածքով անցնող տրանսպորտային կապուղիների այնպիսի տարբերակներ, որոնք անհամատեղելի են Հայաստանի Հանրապետության տարածքային ամբողջականության, ինքնիշխանության, իրավազորության հետ։
Եվ, ընդհակառակը, տարածքային ամբողջականության, ինքնիշխանության, իրավազորության շրջանակներում Հայաստանի Հանրապետությունը ոչ միայն քննարկում է տարածաշրջանի տրանսպորտային կապուղիների շահագործման տարբեր բանաձեւեր, այլեւ շահագրգիռ է բանաձեւերից որեւէ մեկի շուրջ համաձայնության գալու հարցում։
ՀՀ այն ներկայացուցիչները, ովքեր ասում են, թե Հայաստանը չի քննարկել, չի քննարկում եւ չի քննարկելու, միանշանակ խոսում են այնպիսի բանաձեւերի մասին, որոնք անհամատեղելի են ՀՀ տարածքային ամբողջականության, ինքնիշխանության, իրավազորության հետ։
ՀՀ այն ներկայացուցիչները, ովքեր խոսում են քննարկումների մասին, նկատի են առնում ՀՀ տարածքային ամբողջականության, ինքնիշխանության, իրավազորության շրջանակում գտնվող բանաձեւեր, կառուցապատման իրավունքներ եւ այլն, որոնց մասին վարչապետ Փաշինյանը խոսել է հուլիսի 16-ի ասուլիսի ընթացքում։
ՀՀ տարածքային ամբողջականությունը, ինքնիշխանությունը, իրավազորությունը, իհարկե, չի կարող արտապատվիրակվել։ Երկաթուղու, խողովակաշարի, էլեկտրահաղորդման գծերի բիզնես–կառավարումը կարող է։ Ի դեպ, ավտոճանապարհների սպասարկումը, կառավարումը Հայաստանում այսօր ու միշտ էլ արտապատվիրակվում է մասնավոր ընկերությունների։ Այլ բան, թե ով ինչ որակով է իրականացնում այդ կառավարումը։ Բայց սա քննարկվող թեմայի հետ կապ չունի»։
facebook sharing buttonmessenger sharing buttontwitter sharing buttontelegram sharing buttonskype sharing buttonpinterest sharing buttonsharethis sharing button