Հորից 400 մլն դոլար ժառանգություն ստացած եւ 6 (վեց) անգամ սնանկացած Դոնալդ Թրամփին իր կառավարած 2.5 ամսում «հաջողվեց» տրիլիոնավոր դոլարների վնաս հասցնել Միացյալ Նահանգներին: Աշխարհի համարյա բոլոր պետություններին առեւտրային պատերազմ հայտարարելու նրա վերջին որոշման հետեւանքով Նյու Յորքի բորսայի արժեթղթերի արժեքների փլուզումը մասնագետները համեմատում են 2020-ի ամռանն այդ նույն բորսայում տեղի ունեցած աղետի հետ, որը նույնպես տեղի ունեցավ այն ժամանակ, երբ Թրամփն էր զբաղեցնում ԱՄՆ նախագահի պաշտոնը:
Նյույորքյան բորսայի հետ մեկտեղ, արժեթղթերի արժեքների փլուզումներ են արձանագրվել նաեւ աշխարհի այլ բորսաներում: Արժեթղթերի շուկաներում արձանագրված տրիլիոնավոր դոլարների անկման հետեւանքով փոքրացել են նաեւ ամերիկացիների կուտակային թոշակներում ամբարված գումարները, որոնց մի մասը պահվում էր հենց այդ արժեթղթերի տեսքով: Ինչն առաջացրել է ամերիկյան թոշակառուների հիասթափությունն ու զայրույթը: Բայց ամենավատն այն է, որ աշխարհում կորել են վստահությունն ու հավատը Միացյալ Նահանգների, նրա գանձապետական պարտատոմսերի եւ դոլարի հանդեպ: Չինաստանը, Ճապոնիան եւ այլ երկրներ արդեն իսկ սկսել են շուտափույթ ազատվել այդ պարտատոմսերից:
Բայց իմ այս հոդվածը ոչ թե Ամերիկայի, այլ Հայաստանում գործող կուտակային կենսաթոշակային համակարգի մասին է: Մեր կուտակային թոշակառուների կենսաթոշակային հաշիվներում կուտակված գումարները երեւի նույնպես վտանգված են: Կանխատեսում եմ իշխանությունների հերքող պատասխանը, թե, ըստ ՀՀ օրենքի, արտասահմանյան պետությունում կատարվող ներդրումները չեն կարող գերազանցել կենսաթոշակային ֆոնդի ակտիվների 15 տոկոսը: Հետեւաբար, մեր քաղաքացիների կենսաթոշակային ֆոնդի 15 տոկոսից պակասն է վտանգված: Բայց ենթադրում եմ, որ մնացած 85 տոկոսի առյուծի բաժինը պահվում է Հայաստանի պետական պարտատոմսերի տեսքով: Դրանք նույնպես վտանգված են, որովհետեւ Հայաստանը, փաստորեն, չունի նորմալ տնտեսություն, եւ համարյա չկան ներդրումներ:
Որպեսզի ծայրը ծայրին հասցնի, ՀՀ կառավարությունը ստիպված է տարեկան առնվազն 600-700 մլն դոլարի պարտք վերցնել եւ հետո, փաստորեն, այդ պարտքերը փակել նոր պարտքեր վերցնելով: Այս տարի թողարկվել է 750 մլն դոլարի եվրաբոնդ: Բայց քանի որ աշխարհի տնտեսությանը սպառնում է ստագնացիա՝ արտադրության լճացում, Հայաստանին դժվար կլինի իրացնել այդ եվրապարտատոմսերը:
Այսօր մեր կառավարությունը փոխանակ իր հայացքն ուղղի հարուստների կողմը, կիրառի գոնե շքեղության հարկը, բյուջեի ճեղքվածքը ցանկանում է հիմնականում փակել այն 60 տոկոս քաղաքացիների հաշվին, որոնց ամսական եկամուտը փոքր է 100 հազար դրամից: Ապշեցուցիչ է, բայց ՀՀ դոլարային միլիոնատերն ու մինիմալ աշխատավարձ ստացող քաղաքացին հարկվում են նույն տեսակի եկամտահարկով՝ հարկային սանդղակը վերացվել է: Ըստ Սահմանադրության, սոցիալական պետություն համարվող Հայաստանում գույքահարկի միեւնույն չափով են հարկվում շքեղ վերանորոգված հարուստների պալատները, տասնյակ չբնակեցված բնակարաններ եւ առանձնատներ ունեցող անձինք եւ տասնամյակներով վերանորոգում չտեսած, բազմամարդ ընտանիքներով խիտ բնակեցված աղքատների բնակարանները:
Կառավարության գաղտնի որոշումներով պետբյուջեի հաշվին ֆինանսական ահռելի արտոնություններ են տրվում հարուստներին եւ նրանց մերձավորներին, միեւնույն ժամանակ կրճատվում կամ նույնիսկ վերացվում են չքավորներին եւ արցախցի փախստականներին տրվող նպաստները: Քանի որ այդպիսի անհեռանկար տնտեսական քաղաքականություն վարող կառավարությունն այս տարի համարյա զրկված է լինելու Արեւմուտքից մշտապես ստացած միլիոնավոր դոլարներից, բյուջեի ճեղքվածքը դժվար կլինի փակել փոքր եկամուտ ունեցողների հաշվին: Հետեւաբար, չի բացառվում, որ ՀՀ կառավարությունը ստիպված լինի առնվազն սառեցնել ներքին պետական պարտքը: Նաեւ՝ դադարեցնել պետական գանձապետական պարտատոմսերի հետգնումը եւ սպասարկումը: Եվ դրա մասին հուշում է այն, որ երբ լրատվամիջոցները գրեցին այն մասին, թե Հայաստանի արտաքին պարտքը հատել է վտանգավոր 12 միլիարդ դոլարի շեմը, ՀՀ ֆինանսների նախարարը հակադարձեց, թե արտաքին պարտքն այդքան էլ մեծ չէ: Իսկ ներքի՞նը, որն այսօր կազմում է ողջ պետական պարտքի շուրջ կեսը: Նախարարի կարծիքով, ներքին պետական պարտքն ավելի՞ պակաս կարեւորություն ունեցող պարտք է: Այն այնքա՞ն էլ պարտադիր չէ: Պետք չէ՞ անհանգստանալ դրա փակման մասին: Ստեղծվել է խիստ մտահոգիչ իրավիճակ:
Չգիտեմ՝ կմխիթարի՞ արդյոք գումարներ կորցնելու վտանգի տակ հայտնված մեր կուտակային թոշակառուներին այն, որ Դոնալդ Թրամփի անզգույշ գործողությունների հետեւանքով հենց ինքը՝ ԱՄՆ նախագահը, ըստ Forbes-ի, կորցրել է 500 մլն դոլար:
Գրիգոր Էմին-Տերյան