Search
Close this search box.

ՀՀ–ն լրացուցիչ ապացույցներ կներկայացնի ՄԻԵԴ՝ Բաքվում հայ գերիների դատավարության հետ կապված

Միջազգային իրավական հարցերով ներկայացուցչի գրասենյակն անհրաժեշտ լրացուցիչ ապացույցներ և պահանջներ կներկայացնի Մարդու իրավունքների եվրոպական դատարան` Ադրբեջանում պահվող հայ ռազմագերիների և քաղաքացիական անձանց նկատմամբ հարուցված քրեական գործերով դատաքննության առաջությամբ։ Այս մասին հայտարարություն է տարածել Միջազգային իրավական հարցերով ներկայացուցչի գրասենյակը։

«ՄԻՀՆ գրասենյակը հետեւում է այս օրերին Ադրբեջանում ընթացող դատավարություններին։ Ցանկանում ենք տեղեկացնել, որ ըստ սահմանված ընթացակարգի եւ ժամկետների Եվրոպական դատարան կներկայացվեն անհրաժեշտ լրացուցիչ ապացույցներ եւ պահանջներ»,– ասված է հաղորդագրությունում։

Նշենք, որ դեռեւս 2022 և 2024 թվականներին ՀՀ-ի կողմից՝ Ադրբեջանում ապօրինաբար մեղադրվող բոլոր հայ ռազմագերիների և քաղաքացիական անձանց արդար դատաքննության, ազատության և անձնական անձեռնմխելիության իրավունքների պաշտպանությանն ուղղված երկու միջպետական գանգատ է ներկայացվել Մարդու իրավունքների եվրոպական դատարան։
Հունվարի 17–ին Բաքվում սկսվել է Արցախի նախկին նախագահներ Արկադի Ղուկասյանի, Բակո Սահակյանի, Արայիկ Հարությունյանի, նախկին պետնախարար Ռուբեն Վարդանյանի, ՊԲ նախկին հրամանատար Լևոն Մնացականյանի, արտաքին գործերի նախկին նախարար Դավիթ Բաբայանի, ԱԺ նախկին նախագահ Դավիթ Իշխանյանի և մյուսների նկատմամբ դատավարությունը։ Ռուբեն Վարդանյանի գործն առանձնացվել է և ընթանում է առանձին վարույթով: