Հայաստանի և Եվրոպական միության գործակցությունը մտնում է նոր փուլ՝ ռազմավարական գործընկերության մակարդակ: «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս մասին ՀՀ արտաքին գործերի նախարար Արարատ Միրզոյանը հայտարարեց ԵՄ ԱԳԱՔ բարձր ներկայացուցիչ Կայա Կալասի և ԵՄ ընդլայնման հարցերով հանձնակատար Մարթա Կոսի հետ համատեղ ասուլիսի ընթացքում:
«Մեր համագործակցությունը բարձրացրինք ռազմավարական մակարդակի, սա մեր ամբիցիաների վերջը չէ: Հայաստանի խորհրդարանը մարտ ամսին օրենք ընդունեց ԵՄ-ին անդամակցության մասին: Այսօրվա հանդիպման ուղերձը շատ կարևոր է՝ Հայաստան-ԵՄ համագործակցությունը մտնում է նոր փուլ»,- ասաց Միրզոյանը:
Արտաքին գործերի նախարարը վստահություն հայտնեց, որ ՀՀ-ԵՄ համագործակցությունն ավելի կամրապնդի Հայաստանի դիմակայունությունը:
«2026 թվականի մայիսին տեղի է ունենալու ՀՀ-ԵՄ առաջին գագաթնաժողովը: Սա ևս կարևոր միջոցառում է լինելու և ակնկալում եմ ձեզ տեսնել Երևանում»,- նշեց արտգործնախարարը:
Բրյուսելում ընթանում է ՀՀ-ԵՄ գործընկերության խորհրդի 6-րդ հանդիպումը: Գործընկերության խորհրդի նիստի արդյունքներով՝ Հայաստանն ու Եվրամիությունը ստորագրել են գործընկերության ռազմավարական օրակարգը։ Փաստաթուղթը ստորագրել են Հայաստանի արտաքին գործերի նախարար Արարատ Միրզոյանը և Եվրամիության արտաքին գործերի և անվտանգության քաղաքականության հարցերով բարձր հանձնակատար Կայա Կալասը։




