Օրերս «Համահայկական ճակատ» կուսակցությունը կազմակերպել էր սփյուռքի հիմնախնդիրները թեմայով կլոր սեղան․ ներկայցնում ենք «Հայկանդուխտ ավանդապաշտ ժողովրդավարական» կուսակցության փոխնախագահ Ռուզաննա Ստեփանյանի տեսակետը խնդրի շուրջ։
Այսօր մեր տարածաշրջանը կանգնած է նոր պատերազմի առաջ, որը պայմանականորեն կարելի է անվանել իսրայելաարաբական, որովհետև մի կողմից Իսրայելը կռվում է Պաղեստինի դեմ, զորք է մտցրել Պաղեստին՝ օկուպացրել է Գազայի հատվածը, մյուս կողմից իսրայելական բանակը պատրաստվում է ներխուժել Լիբանան։ Հայաստանի իշխանությունները՝ ի դեմս ԱԳՆ-ի, կոչ են արել, որ ՀՀ քաղաքացիները դուրս գան Լիբանանից։ Բացի ՀՀ քաղաքացիներից, Լիբանանում ապրում են մի քանի տասնյակ հազարավոր հայեր, և ՀՀ իշխանությունը, հայությունը չունի այն պատասխանը, թե ինչ է լինելու տասնյակ հազարավոր մեր հայրնակիցների հետ, ովքեր այսօր ապրում են Լիբանանում, և որոնց կյանքը, ունեցվածքը և ընդհանրապես ապագան գտնվում է շատ անորոշ՝ մազից կախված վիճակոմ։ Հարկ եմ համարում հշեցնել, որ սփյուռքի այդ հայ համայնքը՝ ամենախոշոր, ամենակազմակերպված և ամենաազդեցիկ համայնքն է եղել մինչև 80-ական թվականները, երբ սկսվեց Լիբանանում քաղաքացիական պատերազմ, իսկ այսօր մոտ 300 հազարանոց հայ համայնքից մնացել է 10 տոկոս, որն էլ հիմա գտնվում է ֆիզիկական ոչնչացման վտանգի տակ։
Հիմա ես ուզում եմ հասկանալ, երբ մենք խոսում ենք Հայաստան-սփյուռք հարաբերությունների և սփյուռքի խնդիրների մասին, այսօր ամենամեծ խնդրի առաջ կանգնած է Լիբանանի հայ համայնքը ու մենք ի՞նչ ենք կարողանում անել, և ընդհանրապես մենք՝ Հայաստանի Հանրապետությունը ու մեր 10 միլիոնանոց սփյուռքը ինչ կարող է առաջարկել Լիբանանի հայ համայնքին։ Եկեք անկեղծ խոսեմ, ըստ էության, շատ քիչ բան։ Նույնը մենք տեսանք 10-13 տարի առաջ՝ 2011 թվականին, երբ Սիրիայում սկսվեց քաղաքացիական պատերազմ, իսկ հետո արտաքին ագրեսիան: Սիրիայի հայ համայնքը նույն վիճակի առաջ կանգնեց՝ Հալեպի բազմահազարանոց հայ համայնքն ունեցավ ֆիզիկական կորուստներ, կորցրեցին իրենց գույքը, ցրվեցին տարբեր տեղեր։ Այդ ժամանակ Հայաստանը, բացի հումանիտար օգնությունից, որևէ կերպ չկարողացավ պաշտպանել այդ մարդկանց օրինական շահերը։ Իսկ հնարավո՞ր էր դա անել, թե ընդհանրապես՝ հնարավոր չէր։ Այսինքն, գուցե մենք մեր առաջ այնպիսի անլուծելի խնդիր ենք դրել, օրինակ՝ օգնել Լիբանանի հայ համայնքին, Սիրիայի հայ համայնքին։ Ով պետք է դա անի՝ Հայաստանը, թե այն համահայկական կառույցները, բարեգործական կազմակերպությունները, կամ տարբեր կուսակցությունները, որոնք գործում են սփյուռքում։ Գուցե մենք համարում ենք, որ հենց իրենք պետք է զբաղվեն։ Իհարկե, այդ կառույցներն ունեն իրենց անելիքը, բայց այդ գործը պետք է առաջին հերթին կազմակերպի ՀՀ -ն, որովհետև հայությունն առանց պետություն՝ համայնք չէ։ Բայց Հայաստանը, փաստացի, ոչինչ չի անում, չի արել ու շարունակում է ոչինչ չանել։ Այդքան հալեպահայեր եկան Հայաստան ու ոչինչ չարվեց, կամաց-կամաց Հայաստանից գնացին։
Ինչու Հայաստանը տեր չի կանգնում մարդկային ռեսուրսներին, երբ մարդկային ռեսուրսների համար աշխարհի լուրջ պետություններ
կռիվ են տալիս, իսկ Հայաստանը տեր չի կանգնում հայությանը, որպեսզի մարդիկ կարողանան գան Հայաստան՝ ինտեգրվեն մեր իրականությանը։ Մի շատ պարզ պատճառով, որ Հայաստանը փաստացի պատասխանավություն չունենա ոչ միայն իր քաղաքացիների, այլև սփյուռքի համար։ Այդ իսկ պատճառով սփյուռքի առաջ ծառացած խնդիրները լուծելու համար նախ մենք պետք է ունենանք լուրջ կայացած պետություն, որն իր ռեսուրսով, հեղինակությամբ, միջազգային կապերով կարողանա տեր կանգնել իր հայրենակիցներին։
Համարենք դա համահայկական խնդիր, որովհետև սիրիահայերին, լիբանանահայերին, պարսկահայերին, Ռուսաստանի, ԱՄՆ-ի հայերին ու ՀՀ քաղաքացիներին պետք է ուժեղ և պատասխանատու պետություն։ Պետություն, որի իշխանությունը չի մտածում իր փոքր՝ 50, 100, կամ 200 խմբի շահերի և ունեցվածքի մասին, այլ մեծ առումով մտածում է այդ 10 մլն. հայության համար։ Իսկ եթե այդ պետությունը չկա, այդ գիտակցումը չկա, լինելու է ինչպես որ միշտ՝ յուրաքանչյուր համայնք բախվելու է խնդիրների, սկսելու է մտածել՝ «ես ու իմ գլուխը, իմ հետ պատահած փորձանքը», ու ամեն մարդ փորձելու է ինքնուրույն լուծել իր խնդիրը։ Իսկ երբ մարդը ինքնուրույն է լուծում իր խնդիրը, չի զգում այդ պետության ու ժողովրդի աջացությունը՝ դադարում է պետության ու հանրության առաջ պատասխանատու լինել։ Փաստորեն, այդ կերպ սփյուռքը որպես հանրություն՝ կամաց-կամաց ոչնչանում է, ինչի ականատեսն ենք մենք հիմա:
Նորից եմ ուզում շեշտել՝ դրա լուծումը մեկն է, պատասխանատու և ուժեղ Հայաստանի Հանրապետության ստեղծում։ Կկարողանանք ունենալ այդպիսի պետություն՝ ուրեմն սփյուռքի խնդիրները կկարողնանք լուծել։