Հայաստանի իշխանությունը չի հայտնում Սյունիքում Ռուսաստանի գլխավոր հյուպատոսության բացման ձգձգման պատճառը։ Նման եզրակացության կարելի է հանգել Sputnik Արմենիայի գրավոր հարցման պատասխանից։
Ավելի վաղ ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան հայտարարել էր` ռուսական կողմին պետք չէ համոզել, որ ՀՀ Սյունիքի մարզում գլխավոր հյուպատոսության աշխատանքն արագ սկսելու անհրաժեշտություն կա։ Նա նշել էր, որ առայժմ Կապանում ռուսական գլխավոր հյուպատոսություն չկա։ Իսկ թե ինչու չկա, պաշտոնական պարզաբանումների համար պետք է դիմել հայկական կողմին։
Sputnik Արմենիան գրավոր հարցմամբ դիմել էր ՀՀ վարչապետին` հետաքրքրվելով, թե ինչ փուլում է գլխավոր հյուպատոսության բացումը, ինչն է ձգձգման պատճառը։ Մեզ պատասխանել են ոչ թե ՀՀ վարչապետի աշխատակազմից, այլ արտաքին գործերի նախարարությունից։
«Տեղեկացնում ենք, որ Ձեր կողմից բարձրացված հարցերի շուրջ զարգացումների դեպքում հանրությունը պատշաճ կերպով կտեղեկացվի», — ասված է ԱԳՆ–ի պատասխանում։
Հիշեցնենք, որ Սյունիքի մարզում ՌԴ գլխավոր հյուպատոսություն բացելու հարցը քննարկվում է շուրջ երեք տարի։ 2023թ. սեպտեմբերից Կապանում աշխատում է հյուպատոսության բացման նախապատրաստական աշխատանքների համար պատասխանատու առաջատար խումբը: